ԵՐԵՎԱՆ — Արդեն ավելի քան 96 ժամ է ինչ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույց չի տվել Հանրային հեռուստատեսության լրագրող Պետրոս Ղազարյանին։ Իրավիճակն ավելի է լրջացնում այն փաստը, որ տվյալ ժամանակահատվածում Մարուքյանը չի մասնակցել հանրայինի մյուս հաղորդումներին ևս։
«Մենք էլի ենք ունեցել տևական դադարներ հարցազրույցների մեջ՝ 48 ժամ, մի անգամ նույնիսկ 72 ժամ, բայց այն ժամանակ գոնե իմացել ենք, որ դեսպանը գործուղման է։ Այս անգամ չգիտեմ անգամ ինչ մտածել»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Ղազարյանը։
Մարուքյանի բացակայությունը եթերից անհանգստություն է առաջացրել սովորական քաղաքացիների շարքում. «Ես ամեն վայրկյան կարող եմ մատնվել խուճապի»,- վստահեցրեց Ռուսաստանից ժամանած և Երևանում բնակություն հաստատած IT մասնագետ Իվանը:
Ղազարյանի եթերից քիչ առաջ դուրս եկած Արամ Սարգսյանը կոչ արեց հոռետեսորեն չտրամադրվել. «Պատահել է ես էլ եմ 96 ժամ բացակայել Պետրոսի եթերից։ Ճիշտ է անսովոր էր, բայց ամեն ինչ կարգին է։ Շուտով իմ հոբելյանական 100-րդ հարցազրույցն ենք նշելու։ Բա պատկերացրեք, որ ասելիք ունենայի, որքան հաճախ կգայի»։
Դեռևս չի բացառվում, որ Մարուքյանը պարզապես գաղտնի հանձնարարություն է կատարում և ավարտելուն պես կրկին կվերադառնա տաղավար ու կմասնակցի հարցազրույցին։