![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2020/01/hrayrtovmasyan.jpg?resize=600%2C315)
ԱՐՄԱՎԻՐ — Այսօր առավոտյան ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում իրավապահներին հաջողվել է Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի հարևանությամբ հայտնաբերել ՍԴ Նախագահ Հրայր Թովմասյանի դեռևս հանրությանը անհայտ սանիկին։
Համաձայն նախնական ձեռք բերած տվյալների՝ սանիկը՝ Ռ.Գ.-ն (ինքնությունը չի բացահայտվում քննության գաղտնիությունը ապահովվելու համար) առնվազն 4 տարի հանդիսացել է Հրայր Թովմասյանի սանիկ, սակայն դեռ ոչ մի քրեական գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի։ Ավելին՝ Ռ.Գ.-ն մինչ օրս նույնիսկ չի հարցաքննվել։
Իրավապահները չեն բացառում, որ երկրի տարածքում բնակվում են Հրայր Թովմասյանի դեռևս անհայտ սանիկներ։ Նրանց մասին տեղեկություններ ձեռք բերելու դեպքում հարկ է շուտափույթ կապ հաստատել իրավապահ մարմինների հետ և ոչ մի դեպքում ինքնուրույն միջոցներ չձեռնարկել։