ԵՐԵՎԱՆ — Քիչ առաջ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը հայտնեց, որ մշակույթի նախարար Նազենի Ղարիբյանը իրեն ազատել է տնօրենի պաշտոնից։
Րոպեներ անց հետևեց մշակույթի նախարարության պարզաբանումը՝ տեղի է ունեցել շփոթմունք և պարգևատրելու փոխարեն Օրբելյանին պատահմամբ ազատել են։ «Մարդը հենց մեկ օր առաջ արժանացել է հեղինակավոր «Արտավազդ» մրցանակին Չիպոլինոյի բեմադրման համար։ Ինչպե՞ս կարող էի ես նրան մեկ օր անց ազատել։ Դա տոտալ աբսուրդ կլիներ, չէ՞»,- նշել է տիկին Ղարիբյանը։ Նրա խոսքով նախարարությունը պատրաստել էր Օրբելյանին պարգևատրելու հրաման, որը շփոթմամբ տպվել է աշխատանքից ազատելու նամակի ձևաթղթի վրա։ «Ես մեր մամուլի վրա էլ եմ զարմանում, որ մի հատ հոդվածներ գրելուց առաջ ինքն իրեն հարց չի տալիս թե ինչպե՞ս կարող էր մշակույթի նախարարը նման իռացիոնալ քայլ անել»,- զարմացավ մշակույթի նախարարը։
Նախարարությունը հայցում է Օրբելյանի ներողամտությունը և խոստանում է հետագայում ստուգել նամակները։ Մեր հարցին կվերականգնեն նրան թե՞ ոչ տիկին Ղարիբյանը պատասխանեց. «Ո՞նց եք դա պատկերացնում, երկրորդ անգամ անհարմար վիճակում հո չեմ հայտնվի»։