ԵՐԵՎԱՆ — Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի «Իրատես» թերթին տված հարցազրույցը, որտեղ նա բացահայտում է թե ինչու են գործարարները խուսափում Հայաստանում ներդրումներ անելուց արդեն մոտ 2 մլրդ դոլարի ներդրում է ներգրավվել։
«Եթե ընդդիմությունը, մամուլը, ֆեյսբուքյան ակտիվիստները անընդհատ չպնդեն, որ մեր երկիրն ահավոր մեծ վտանգների առաջ է կանգնած, ուր որ է պատերազմ կսկսվի, ներդրումներ կլինեն»։
Վարազդատ Կարապետյան
Այս հորդորը տեսնելուն պես ընդդիմությունը, հայաստանյան ֆեյսբուք ակտիվիստներն ու մամուլը որոշեցին մի քանի օր միայն դրական բաներ գրել Հայաստանի մասին։ Ընդամենը 3 օր անց կարող ենք փաստել, որ պատգամավորն իրավացի էր։ Մի շարք հզոր կորպորացիաներ արդեն ընդհանուր առմամբ 1,9 մլրդ դոլարի ներդրում արեցին Հայաստանում` կստեղծվի 16-17 000 նոր աշխատատեղ։
«Մենք սովորականի պես առավոտյան մոնիտորինգ էինք անում հայկական ֆեյսբուքը ու տեսանք, որ հիմնականում բացասական բաներ գրող բլոգերներն ու ստատուսչիները դրական բաներ են գրել։ Ես իսկույն զանգահարեցի մեր գլխավոր տնօրեն պարոն Բեզոսին ու հաշված րոպեների ընթացքում որոշեցինք Հայաստանում պահեստ բացել»,- ասում է Amazon ընկերության մամուլի քարտուղար Բրայան Բոլշիթը։ Բոլշիթի օրինակին հետևել են այլ կորպորացիաների ներկայացուցիչներ՝ Կիմ Լաո Քրեփը Samsung-ից, Դեյվիդ Էբսուրդը Exxon Mobile-ից և Նակամուրու Նոնսենսը Toyota-ից։
Վարազդատ Կարապետյանի գրասենյակը ողջունել է ներդրումները. «Սա դեռ 3 օր է ինչ բլոգերներն ու մամուլը լռել են։ Պատկերացրե՛ք մի շաբաթում որքան ներդրում կգա։ Պատկերացրե՛ք, որքան ներդրում կգա եթե երկրում ընդդիմություն չլինի ընհանրապես»։