ԵՐԵՎԱՆ — Հայաստանի ամենահաճախ բողոքող խավը՝ մեքենա ներկրողները արդեն 9 օր է ոչ մի բողոքի ակցիա չեն կազմակերպել ո՛չ Կառավարության, ո՛չ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության մոտ։
Տրանսպորտի նախարարությունը նույնիսկ նախաձեռնող է գտնվել և ինքնակամ կապ է հաստատել մեքենա ներկրողների հետ։ «Ուղղակի ուզում էի համոզվել, որ ամեն ինչ նորմալ է։ Մի քիչ անսովոր լուռ է՝ պատուհանիս տակ բողոքի ակցիա չեն անում»,- թախիծով խոստովանեց ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։
Մեքենա ներկրողները պարզաբանեցին աննախադեպ 9-օրանոց դադարը՝ «Ամեն ինչ շարունակում է շատ վատ մնալ, բայց էս վերջի ամիսը ինչ պահանջեցինք՝ արեցին։ Հիմա աշխատում ենք նոր պահանջների ցուցակի վրա։ Շատ լավ պահանջներ են լինելու՝ բժիշկի պահանջներ։ Խփած, հետ տված չեն եղել։ Նենց լավ պահանջներ են, որ ինձ կպահեի, բայց գումար է հարկավոր»,- նշեց մեքենա ներկրողների արհմիության նախագահ Ավտանդիլ Մաքսազերցյանը։
Լուրը դառնությամբ ընդունեցին կառավարության շենքի դիմաց աշխուժացած մյուս բողոքավոր խմբերը. «Հազիվ կարողացանք մենք էլ մի քիչ բողոքել, էլի վերադառնալու՞ են»,- վրդհովմունքը չթաքցրեծ «Ջեռուցվող մանկապարտեզ» նախաձեռնող խմբի անդամ Ամալյա Ավետյանը։