ԵՐԵՎԱՆ — Ճանապարհային ոստիկանությունը բաց նամակով դիմել է ՀՀ քաղաքացիներին և խոստացել վերադառնալ հունվարի կեսերին։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջություամբ։
Սիրելի ժողովուրդ՝
Այս վերջին ամիսներին դուք հավանաբար նկատել եք, որ քաղաքում շատացել են խցանումները, խախտում կատարող վարորդները ու երկրորդ, երբեմն երրորդ գծում կայանած մեքենաները։ Լավ չի, չէ՞։ Իսկ երբ մենք պարտաճանաչ կատարում էինք մեր աշխատանքը՝ բողոքում էիք, որ ՃՈ մեքենաները ավելի շատ են քան կանաչ մեքենաները, անեկդոտներ էիք պատմում մեր մասին։ Չմտածեք թե նեղսրտել ենք, ուղղակի ցանկացանք Ամանորին ընդառաջ ցույց տալ ինչպիսին կլինի Հայաստանը առանց մեզ՝ առանց այդ երկու ջերմ ու մտերիմ ՃՈ տառերի։ Լավ չի, չէ՞։ Վարորդները փակում են համարները, երբեմն ընդհանրապես հանում են դրանք, քշում են հանդիպակաց, շարքերի արանքով, արագ, որտեղ ուզում շրջադարձ են անում, իսկ ամրագոտին արդեն դարձել է ջնջված մի հուշ՝ հնավուրց մի առասպել։
Մենք էլ ձեզ ենք կարոտել։ Այս ժամանակը մեզ էլ՝ ձեզ էլ պետք էր առաջնահերթությունները վերագնահատելու, իրար նորովի արժևորելու համար։ Այս փոքր, բայց կարևոր ընդմիջումից հետո մենք անպայման կվերադառնանք ու կրկին ճանապարհներին կլինի կարգ ու կանոն։ Բայց տոներից հետո։
Միշտ քո՝
Ճանապարհային ոստիկանություն
Հ.Գ.՝ Պաչիկներ։