ԵՐԵՎԱՆ — Ազգային ժողովում այս պահին 11 պատգամավոր հերթագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր տալու համար, ինչը բորբոքել է նիստին հետևող ժողովրդին։ «Չի կարելի սերիալի նման սենց ձգել, էս նիստը։ Բոլորս հավաքվել ենք, որ տեսնենք սաբոտաժ լինելու ա թե չէ։ Ինչ մի երկար-բարակ հարցեր են տալիս»,- նեղսրտում է Վոլոդյան 58տ, տաքսիստ-ձեռնարկատեր։ «Հեսա հաստատ մի հատ էլ ընդմիջման կգնան՝ բուլկի-մուլկի գռսելու, հետո կվերադառնան իրանց ձանձրալի հարցերով»,- հավելում է Նինան, 39տ. տնային տնտեսուհի, դիզայներ։ «Այ մարդ արագ ընտրեք, ավելի շուտ մի ընտրեք վարչապետ բոլորս անցնենք գործի։ Հո ամբողջ օրը ֆեյսբուքը բաց չենք նստելու refresh սեղմենք»,- վրդոհվվում է Վարդանը, 32տ, միջին օղակի մենեջեր, մոդել։ Որոշ քաղաքացիների նյարդերը էլ ավելի լարված են՝ «Ամեն հերթագրված պատգամավոր իմ անձնական թշնամին է էս պահին։ Հերթով հանդիպելու եմ դրանց ու ստիպելու եմ իմ կյանքից 30 րոպե փոխհատուցել»,- խոստացավ Արամը, 44տ. ինժեներ, ֆոտոլրագրող։
ԹԱՐՄԱՑՎԱԾ։ Ճիշտ այս պահին մենք ստացել ենք ահազանգ, որ Դավիթաշենի կամուրջի վրա կանգնած երիտասարդը պահանջում է արագ անցնել քվեարկությանը՝ հակառակ դեպքում նա կցատկի ներքև։ Անձի ինքնությունը ճշտվել է, նա Նորայրն է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանող, ֆոտոմոդել։