ԵՐԵՎԱՆ — Շուտով Ազգային ժողովը պետք է կարծիք հայտնի բարեփոխված ընտրական օրենսգրքի մասին, իսկ այսօր արդեն հայտնի են դարձել առաջարկվող ընտրական օրենսգրքի մի քանի դրութներ։ Նոր տարբերակը արգելում է նամռոտ ու անհավես դեմքով թեկնածուների առաջադրումը։ Այս խնդրահարույց դրույթին մինչ օրս դեմ են եղել հանրապետական խմբակցության ներկայացուցիչները։ «Շատ կոշտ քայլ է։ Ընդունում ենք, որ նախկինում նամռոտ ու անհավես թեկնածուները շատ են եղել, բայց չի կարելի կտրուկ արգելել։ Մենք հորդորում ենք, որ առնվազն քվոտաներ ստեղծվեն նամռոտների համար։ Օրինակ՝ յուրաքանչյուր 10-րդ թեկնածուն կարող է լինել նամռոտ, յուրաքանչյուր 7-րդը՝ անհավես»,- նշում է աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, ով թերևս հանրապետական թևի ամենաառաջադեմ ներկայացուցիչներից է։
Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի քարտուղար Դանիել Իոաննիսյանը գտնում է, որ նամռոտ թեկնածուներից ազատվելը միջազգային տենդենց է՝ «Տեսեք Կանադայի վարչապետը ինչ հավես գունավոր գուլպաներ է հագնում, ամեն օր ժպտում է։ Հեռու մի գնացեք՝ անգամ Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցում էր ժպտերես Սոբչակը։ Մենք ուղղակի ուզում ենք համաշխարհային տենդենցից մեկ քայլ առաջ լինել»։
Առաջարկը արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը՝ «Այս դրույթը շատ հավանեցինք, ձեր թույլտվությամբ այն կկոփիփեյսթենք և կառաջարկենք մնացած երիտասարդ ժողովրդավար երկրներին»,- ասած փորձագետ Թոմաս Լունդգրենը Գառնի-Գեղարդ մեկնելուց րոպեներ առաջ։
Դավիթ Հարությունյանը սակայն շարունակում է պնդել, որ դրույթը շտապեցրած է և հակաժողովրդական՝ «Հենց ժողովրդի մեջ մեծ քանակությամբ նամռոտ և անհավես մարդ կա։ Մենք իրավունք չունենք նրանց զրկել իրենց ներկայացուցիչներից երկրի խորհրդարանում»։