ԵՐԵՎԱՆ — Հայտնի դարձավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառը՝ նա որոշել է իր ողջ ժամանակը նվիրել ակադեմիական աշխատանքին։ Մարգարյանը կանգ չի առնի գիտությունների թեկնածուի կոչման վրա և անմիջապես կանցնի դոկտորականը գրելուն։ Նրա թեկնածուական ատենախոսության ղեկավար Նարինե Գիտնակյանի կարծիքով քաղաքապետ Տարոն Մարգարյանի կորուստը խոշոր ձեռքբերում է երկրի գիտական շրջանակների համար՝ «Ես միշտ ասում էի, որ ափսոս է կլինի, որ Տարոնը չշարունակի իր գիտական գործունեությունը։ Բայց էդ քաղաքապետարանը իր անվերջ պրոբլեմներով նրա ողջ ժամանակը ուտում էր։ Հիմա հանգիստ կփակվի գրադարանում ու իր ողջ ժամանակը կնվիրի գիտությանը»։
Դեռևս պարզ չէ, թե որն է լինելու Մարգարյանի հետազոտության առարկան այս անգամ՝ սակայն պարզ է, որ աշխատանքը այսպես թե այնպես վերաբերելու է քաղաքային ենթակառուցվածքներին ու գուցե նանոտեխնոլոգիաներին։ Կամ պարզապես բորդյուրաշինության հարցերին։ Աշխատանքին անհամբերությամբ են սպասում նախկին քաղաքապետի գործընկերները գիտությունների ակադեմիայից։ «Ես նրա օպոնենտն էի թեկնածուականի պաշտպանության ժամանակ ու աննկարագրելի հիացած էի։ Մինչև հիմա պահում եմ նրա մակագրությամբ ռեֆերատը»,- խոստովանեց դոկտոր-պրոֆեսոր Սարոյանը։