ՀՐԱՏԱՊ — Մեր խմբագրությունը շարունակում է ստանալ տագնապալի ահազանգեր՝ ականտեսների պնդմամբ արդեն մեկ տասնյակ ռեստորաններում թանկացել է քաբաբը։ Արդեն երեկոյան շղթայական ռեակցիան կարող է հասնել Հայաստանի բոլոր սննդի կետերին, պանդոկներին և, ամենացավալին՝ օբյեկտներին։ Երկրի ռազմավարական նշանակության սննդատեսակի կտրուկ թանկացումը կապում են խոշոր սուպերմարկետներում երեկ արձանագրված մսի թանկացման հետ։ «Սնունդ առանց սահմանափակումների» ՀԿ ղեկավար Հարություն Միսկարյանի կարծիքով դեռ ուշ չէ քաբաբի աղետալի թանկացման դեմն առնելը. «Օբյեկտների տերերը պարզապես պետք է մսամթերքը ձեռք բերեն փոքր և միջին չափսի խանութներից, որտեղ թանկացում չկա։ Եթե դա չեն անում՝ ուրեմն ակնհայտորեն գերշահույթներ են հետապնդում՝ օգտվելով առկա խուճապից»։ Մասնագետի կարծիքով քաբաբը չպետք է կտրուկ թանկանա, անգամ եթե բոլոր խանութները թանկացնեն տավարի միսը։ «Տավարի միսը ժամանակակից քաբաբների բաղադրիչների չնչին մասն է խառնում՝ մեր ռեստորանները հմտացել են պատրաստել համեղ քաբաբ, նվազագույն քանակի մսով։ Մեր կազմակերպությունը Պռոշյան փողոցում հայտնաբերել էր նույնիսկ ամբողջովին բուսակերական քաբաբ, էնպոս որ խուճապի մի մատնվեք»,- ամփոփում է մասնագետի։
Կառավարությունում գիտակցում են պահի լրջությունը՝ ըստ հենց նոր տարածված հաղորդագրության խնդրի կարգավորումը կլինի կառավարությանը աջակցող հայազգի անվանի տնտեսագետ Տարոն Աճեմօղլու առաջնահերթությունը մոտակա օրերին։
Համաձայն վիճվարչության տվյալների քաբաբի ու խորովածի թանկացման պարագայում, հնարավոր է արտագաղթի աճ։ «Կառավարությունը շատ արագ ու թիրախային լուծում պետք է տա, քանի ժողովուրդը չի անցել խեցգետնի քաբաբին ու կործանվել»,- ահազանգում է Մեկ ազգ կազմակերպությունների դաշինքի առաջնորդ Գոռ Թամազյանը։