ԵՐԵՎԱՆ — Երկրում փոխված իրավիճակի ազդեցության ներքո ավարտվել են Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքները։ Նորակառույց ճանապարը լիովին պատրաստ է ընդունել առաջին ավտոմեքենաները հենց այսօր՝ ամենահյուսիսային կետից մինչև հարավ։ Կառուցապատող ընկերության տնօրեն Չեն Լի Ձինտաոն մեզ հետ զրույցում հաստատեց լուրը. «Երկրում խառը իրավիճակ ա ու մենք որոշեցինք, որ ճիշտը արագ ավարտելն ա, շառից-փորձանքից հեռու»։ Չինացի գործարարի խոսքով այս պահին «անհամություն» կլիներ շարունակել ձգձգել ճանապարհի կառուցապատումը ու կրկին «մեշոկով» փողեր խնդրել կառավարությունից։ «Էս նոր մարդիկ չգիտես ինչ ձևի իսան են։ Նախորդների հետ մի կերպ լեզու գտնում էինք, բայց սրանց մասթը դեռ չեմ հասկացել»,- պարզաբանում է Ձինտաոն։
Փորձագետները զարմանք են հայտնում, թե այդ ինչպես ստացվեց, որ ճանապարհի 20%-ի վրա տարիներով էին աշխատում, իսկ 80%-ը ավարտեցին ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։ «Փաստորեն բետոնը կար, աշխատուժը կար, բայց չէին անում»,- վրդովմունքով նշում է շինարարական ոլորտի աղմկոտ բացահայտումներով հայտնի ակտիվիստ Արթուր Շինունցը։ Նրան հակադարձում է Ձինտաոն՝ «Այո, Շինունցը լռիվ ճիշտ նկարագրեց իրավիճակը»։
Նորանշանակ տրանսպորտի նախարարը, ում լուսանկարը այս պահի դրությամբ չունի ոչ մի լրատվամիջոց, նույնպես զարմացած էր և խոստացավ անձամբ ստուգել ճանապարհը՝ «Մեր իմացա՞ծ Հյուսիս-հարավի մասին է խոսքը»։
Հյուսիս-հարավը արդեն այսօր պատրաստ է ընդունել անգամ ամենաթերահավատ վարորդներին։