ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը այսօր հավանություն տվեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած օրինագծին, համաձայն որի խաղալիքների վաճառքով զբաղվող խանութներին կարգելվի վաճառել աջ ղեկով խաղալիք ավտոմեքենաներ։ Նախարարության փորձագիտական խումբը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է այդ խաղալիքները, անցկացրել որակի և անվտանգության ստուգումներ։ Եզրակացության մեջ ասվում է. «աջ ղեկով խաղալիքները խաղադաշտերում ավելի հաճախ են վթարային իրավիճակների պատճառ հանդիսանում, շուտ են կոտրվում և առհասարակ ավելի քիչ ուրախություն ու զվարճանք են պարգևում երեխաներին»։ Նախարար Վահան Մարտիրոսյանի պնդմամբ. «Երեխան պետք է կամիկաձե լինի, որ խաղա աջ ղեկով մեքենայի հետ»։
Համաձայն օրինագծի, խանութում առկա աջ ղեկով տեսականին պետք է ձևափոխվի 60-օրյա ժամկետում, հակառակ դեպքում այն կօտարվի պետական կարիքների համար։ Իսկ մանուկների մոտ արդեն առկա աջ ղեկով մեքենաները կշարունակեն մնալ շրջանառության մեջ, թեև նախարարությունը հորդորում է ծնողներին հնարավորինս արագ թափել դրանք։ «Թող ասեն «դու ես կորցրել» կամ տենց մի բան»,- խորհուրդ տվեց փորձագիտական խմբի ղեկավան Ռազմիկ Գևորգյանը։