ԵՐԵՎԱՆ — Հայաստանի շուկաներում անցկացրած հետազոտությունը պարզել է, որ վաճառքում առկա «մոլոկանի թթվի» շուրջ 92% չի համապատասխանում սահմանված չափանիշներին։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը,- «Իրավիճակն էլ ավելի ծանր է քան պատկերացնում էինք հետազոտությունը կատարելուց առաջ։ «Մոլոկանի թթուն» գրեթե ամենուր կեղծված էր՝ այսինքն պատրաստված էր ոչ մոլոկանների կողմից։ Բացահայտել ենք մոտ 800 դեպք, երբ «մոլոկանի թթուն» պատրաստել են հայեր, 8 դեպք ենք գրանցել երբ խոհարարը վրացի էր, և մի արտառոց դեպում էլ էստոնացի էր զբաղվում բաղադրատոմսագողությամբ»։ Պիպոյանը պնդում է, որ շուկան հնարավոր կլինի վերահսկելի դարձնել միայն եթե թթվի հետ տրամադրվեն մոլոկանի կողմից պատրաստված լինելու սերտիֆիկատներ, իսկ առանձին դեպքերում անգամ լուսանկարներ։ «Թթվանենգության դեպքերն հանդիպում են ոչ միայն փողոցային առևտրականների մոտ, այլև հայտնի սուպերմարկետների ցանցերում։ Եթե սպառողը վճարում է «մոլոկանի թթվի համար» ապա պետք է ստանա անվանմանը համապատասխան մթերք»,-ընդգծեց Պիպոյանը։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից մեզ հայտնեցին, որ ստացել են ահազանգը, սակայն տվյալ պահին զբաղված են անհայտ ծագում ունեցող «կորեական գազարի» գործով։ «Փաստացի Հայաստանում բնակվում է 3-4 կորեացի, բայց օրական մոտ3 տոննա «կորեական գազար» է արտադրվում»,- տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի հետ կապերի պատասխանատու Էվելինա Փիքլյանը։