ԵՐԵՎԱՆ — Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունը այն մասին, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կբացվի առաջին զուգարանը շատ հակասական գնահատականների է արժանացել հանրության մոտ։ «Մշակույթ առանց զիջումների» նացիոնալ֊սոցիալիստական ՀԿ նախագահ Ասկոլդ Ճշմարիտյանի կարծիքով զուգարանի բացումը նման մշակութային կոթողում պարզապես ազգային խայտառակություն է։ «Մի պահ ուղղակի լարեք ձեր երևակայությունը ու պատկերացրեք ինչ են մարդիկ անելու այդ զուգարանում՝ Օպերայու՛մ։ Ախր մարդու լեզուն չի պտտվում ասել։ Այդ շենքում աշխատել է Արամ Խաչատրյանը, հասկանու՞մ եք։ Ու հիմա ուզում եք որ այդ նույն շենքում մարդիկ… լիցքաթափվե՞ն։»,- բացատրեց իրենց մոտեցումը Ճշմարիտյանը։
Սակայն շենքում աշխատող երաժիշտները սատարում են նախարար Ամիրյանի զուգարան բացելու որոշումը։ «Գիտեք բազմաթիվ անհարմար վիճակներ են ստեղծվում զուգարանի բացակայության հետ կապված։ Միշտ չի որ հնարավոր է այնպես հաշվարկել կարիքները, որ փորձերի ժամանակ… նեղություն չստեղծվի»,- ամաչելով պատմեց թավջութակահար Արշալույս Վասիլյանը՝ «Մի անգամ գրեթե խայտառակ եղանք երբ Պլասիդո Դոմինգոն էր այստեղ ու ուզեցավ արագ… լիցքաթափվել։ Պարզվեց բոլոր օպերաներում, որտեղ նա ելույթ է ունեցել զուգարաններ եղել են։ Հիմա ո՞նց բացատրեինք, որ մեզ համար օպերան ավելի մեծ սրբություն է քան իտալացիների կամ իսպանացիների համար։ Ստիպված մինչև երեկոյի ավարտը մաեստրոյին շեղում էինք ապարանցիների մասին անեկդոտներով»։
Ճշմարիտյանի կազմակերպությունը խոստանում է որ չի նահանջի իր դիրքորոշումից և սպառնում է բողոքի ակցիաներով մշակույթի նախարարության դիմաց։ Օպերայի աշխատակազմին «Մշակույթ առանց զիջումների»նացիոնալ֊սոցիալիստական ՀԿ անդամները առաջարկում են մի քանի մետր ավել քայլել և օգտվել դրամատիկական թատրոնի էժանագին հարմարություններից։