Press "Enter" to skip to content

Ամեն ինչ բոյկոտող քաղաքացին փակուղու մեջ է

aa
Ամեն օր 3-4 նոր բոյկոտ է ավելանում

Երկրի ամենասկզբունքային բոյկոտող Գուրգեն Դավթյանը (խմբ.՝ անունը փոփոխված է) հայտնվել է փակուղու մեջ։ Վերջի 10 տարիների ընթացքում Գուրգենը բոյկոտել է ամեն տեսակի ապրանք/ծառայություն, որը կարող է թեկուզ ամենահեռավոր կապն ունենալ որևէ օլիգարխի, կամ կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդու հետ։ «Մարդ կա բոյկոտումա Սիթին, բայց Ֆրեշից օգտվումա (խմբ. անունները փոփոխված չեն)։ Մարդ կա բոյկոտումա սուպերմարկետների բոլոր ցանցերը, բայց նստումա մարշրուտկա, որի տերը ինչ-որ պատգամավորա։ Ես որոշել էի, որ բոյկոտելու եմ ամեն ինչ մինչև վերջ», — պատմում է Գուրգենը։

Սակայն մինչև վերջ սկզբունքային լինելը ունի իր բարդությունները։ «Հիմա ես հետս 24 հատորանոց մատյան եմ ման տալիս, որ կարողանամ խանութ գնալ։ Ամեն ապրանք գնելուց առաջ նախ ստուգում եմ, ովա դրա սեփականատերը, ում աներձագը կամ բաջանաղը կարող է նա լինել, հետո նոր որոշում եմ կայացնում գնել թե՞ չգնել»։ Գուրգենի գործը էլ ավելի է բարդանում, երբ պաշտոնյաների զավակները իրար հետ են ամուսնանում ու ստեղծում նոր բիզնեսներ։ Նա չի նստում երթուղայիններ, չի գնում կինոթատրոններ, չի ուտում բանան, ինքն է կարում իր շորերը և տանը չի միացնում էլեկտրաէներգիա։

«Սպասում եմ երբա ծառերին թութ լինելու որ լավ սնվեմ՝ թութը հաստատ ոչ մի պաշտոնյայի հետ կապ չունի։ Վերջի անգամ մի 10 տարի առաջ եմ նորմալ հաց կերել», — բողոքեց ամենասկզբունքային ակտիվիստը։ Գուրգենը չի նահանջելու իր բոյկոտներից, և գտել է փակուղուց դուրս գալու միակ ելքը. «խնդրում եմ իմ թեկնածությունը առաջարկել ՆԱՍԱ-ի տիեզերական ծրագրին։ Ես գիտեմ, որ նրանք կամավորներ են փնտրում դեպի Մարս տանող առաջին առաքելության համար։ Հուսով եմ, որ այնտեղ չի պարզվի որ էն մեծ կարմիր կրատերը տամոժնու կամ կադաստրի պետի ախպոր տղուն է պատկանում» (խմբ.՝ մոլորակի անունը փոփոխված է, այնտեղ կոռուպցիոն բզինեսների հեռանկարից խուսափելու համար)։

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.