Press "Enter" to skip to content

ԵԱՀԿ դիտորդները վաղաժամ դրական են գնահատել սահմանադրական հանրաքվեն

Դիտորդները մանրակրկիտ ուսումնասիրել են 800-ից ավել տեղամաս
Դիտորդները մանրակրկիտ ուսումնասիրել են 800-ից ավել տեղամաս

ԵԱՀԿ դիտորդները այսօր շփոթմամբ հրապարակել են Հայաստանում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ իրենց առաքելության զեկույցը: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ նկատվել են որոշակի տեխնիկական խախտումներ, որոնք, սակայն, էականորեն չեն ազդել քվեարկության արդյունքների վրա: Դիտորդական խմբի ղեկավար Քեվին Լունդգրենի կազմած նախաբանում գրվում է, որ հանրաքվեն ևս մեկ քայլ էր դեպի ժողովրդավարություն և եվրոպական արժեքներ: Այնուհետ 68 էջերի վրա նկարագրվում են մի քանի տեղամասերում նկատված փոքր ու միջին խախտումները, 3-4 ճնշման դեպք և մեկ լցոնման փորձ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթին վաղաժամ իր խորին երախտապարտությունը հայտնեց դիտորդներին և խոստացավ մանրակրկիտ և լիարժեք ուսումնասիրել եվրոպացի գործընկերների նկատողություննրն ու հաշվի առնել դրանք հետագա ընտրություններին: Հայկական կողմը պատրաստակամություն հայտնեց հանդիպել դիտորդների հետ և լսել նրանց բողոքները Գառնի Գեղարդում կամ մեկ այլ հաճելի վայրում: Չի բացառվում, որ մոտակա օրերին ԿԸՀ ներկայացուցիչները կմեկնեն Վիեննա` դիտորդների նկատողությունները ավելի խորքային ուսումնասիրելու նպատակով:
ԵԱՀԿ գրասենյակը արդեն ներողություն է խնդրել զեկույցը վաղաժամ հրապարակելու համար և խոստացել է սպասել մինչև հանրաքվե: «Տեղի ունեցածը, անշուշտ, տեխնիկական բնույթի վրիպակ է, բայց կասկած չկա, որ իրական հանրաքվեն էականորեն չի տարբերվի մեր հրապարակած զեկույցից», — նշել է Լունդգրենը,- «վստահ եմ` որևէ խնդիր չի առաջանա, ինչպես չառաջացավ Վրաստանի ընտրություններին, երբ հրապարակեցինք Հայաստանում կազմած զեկույցը ու մի փոքր փոխեցինք վերնագիրը»:
Թյուրիմացության մասին մոռանալու համար դիտորդները խոստացան ևս մի քանի դրական բան գրել հետագայում հրապարակվելիք զեկույցում:

2 Comments

Մեկնաբանությունները փակ են.