Միրումյանների ընտանիքը ամուսնության առաջին տարվանից դժբախտ է` Արտակն ու Մարիամը չունեն ընդհանուր հետաքրքրություններ, ամեն օր կռվում են, վերջի 4 տարին քնում են առանձին ննջասենյակներում: Միակ պատճառը ինչու զույգը չի ամուսնալուծվում` կոռուպցիոն եղանակով կուտակած ունեցվածքը կնոջ անունով ձևակերպելն է: Արտակ Միրումյանը բաց նամակով դիմել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին` խնդրելով բացառություն անել իր և իր ընկերների համար. «Եթե ունեցվածքը ձևակերպեմ իմ անունով. հակակոռուպցիոն խորհուրդը կարող է իմ մասին հայտնել դատախազություն: Կսկսեն փորփրել ու լիքը տհաճ մանրամասներ ի հայտ կգան: Մյուս կողմից էլ չեմ կարողանում ապրել էդ կնոջ հետ, ես իրեն չեմ սիրում»:
Մենք փորձեցինք կապվել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ սակայն հեռախոսին այդպես էլ ոչ ոք չպատասխանեց:
Մարիամը պնդում է, որ իր նման հազարավոր հայ կանայք կան, ում հետ ամուսնացել են միմիայն եկամուտներ թաքցնելու նպատակով: «Մեր օրենքներն են այդպես գրված, որ ամուսինները ստիպված թաքցնեն ապօրինի ձեռք բերվածը: Վերանայեք դրանք, ի՞նչ կլինի, վերջ տանք էս դժբախտ ամուսնությանը»:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից, սակայն դուռը փակ էր:
Միրումյանները պնդում են, որ եթե մինչև 2015թ. թալանողներին շնորհվի համաներում, հարյուրավոր հայ զույգեր կկարողանան ամուսնալուծվել և գտնել իրենց իսկական կյանքի կեսին, երջանիկ ապրել:
Երբ մեզ վերջապես հաջողվեց կապ հաստատել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ, տեղեկացանք, որ առաջին անգամ են լսում ունեցվածքը ամուսնու վրա գրանցելու պրակտիկայի մասին: «Լու՞րջ կարելի ա տենց բան անել: Բա մի կես բերան ասեիք», — նշեց մեր զրուցակիցը:
Մեկ մեկնաբանություն
Մեկնաբանությունները փակ են.