ԵՐԵՎԱՆ — Երևանի փողոցները ասֆալտապատող ըներությունը վստահեցնում է, որ որևէ չարաշահում չկա քաղաքի ասֆալտապատման հարցում: Բոլոր այդ անիմաստ ասֆալտային աշխատանքները կատարվում են ոչ թե բյուջեի, այլ բուն ընկերության հաշվին:
«Մեզ շատ են անհանգստացնում այն ասեկոսեները, թե մենք փող ենք լվանում, մսխում ենք միլիոններ քաղաքապետարանի հետ միասին… դա սուտ է, սուտ: Մենք հաղթել ենք մրցույթը մրցակցային պայմաններում և մոտակա երեք տարին թարմացնելու ենք քաղաքի ասֆալտը», — բացատրում է ‘Երևան-Տարոն-Շին’ ընկերության տնօրեն Բաբկեն Մարգարյանը:
«Ամենայն ազնվությամբ եմ ասում` մեզ տենդերով հասանելիք գումարը հատկացնում են մեկ անգամ, իսկ հաջորդ մի քանի տարվա ընթացքում մենք պարտավոր ենք մեր հաշվին թարմացնել ասֆալտը: Պարզապես… պայմանագրի համաձայն ասֆալտը պետք է գնենք ինչ-որ ‘Երևան-Տարոն-Ասֆալտ’ ընկերությունից, բայց ես այստեղ խնդիր չեմ տեսնում», — բացատրում է Բաբկեն Մարգարյանը:
Ասֆալտ արտադրող ընկերության ղեկավարը ևս պնդում է, որ անիմաստ վերաասֆալտապատումը չպետք է անհանգստացնի քաղաքացիներին, քանի որ դա արվում է ‘Երևան-Տարոն-Շին’ ընկերության հաշվին. «Չի կարելի այդքան պրիմիտիվ լինել: Մենք ոչ մի կոպեկ չենք ստանում քաղաքապետարանից: ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ: Ամբողջ գումարը մեզ փոխանցում է տենդեր շահած մասնավոր ընկերությունը` Երևան-Տարոն-Շինը», — բացատրում է Երևան-Տարոն-Ասֆալտի ղեկավար Վաղինակ Մարգարյանը:
Այս պահին ավարտին է հասցվում Գայի պողոտայի անիմաստ ասֆալտապատումը, որը որոշ դժգոհություններ է առաջացրել Նոր Նորքի բնակիչների մոտ: Նոր Նորքի երկրորդ զանգվածի բնակիչ Մամիկոն Պետրոսյանը կիսվում է վրդովմունքով. «*&^#*&($ դրանց *#*#*#$#@.. ես չեմ հասկանում, ու՞մ *#^$*# ա էդքան ասֆալտ փոխելը, եթե նախորդ ասֆալտը բացարձակ խնդիր չուներ: Պարզ չի՞, որ տենդերը սարքել են, տվել են իրենց բարեկամին, որը ասֆալտ ա գնում մի ուրիշ բարեկամից ու տենց բոլորը լուրջ դեմքով ուտում են մեր փողը»:
Տենդեր կազմակերպող ըներությունը հրապարակել է վրդովված մամուլի հաղորդագրություն. «Եթե ինչ-որ մեկը կասկած ունի, որ մենք անկողմնակալ չենք անցկացրել մրցույթը, ապա թող ֆինանսական աուդիտ անի», — նշված է Երևան-Տարոն-Տենդեր ընկերության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ քաղաքապետարանի տենդերների աուդիտ իրավասու է անցկացնել միայն Երևան-Տարոն-Աուդիտ ընկերությունը: