Press "Enter" to skip to content

Երևանի քաղաքապետարանը գումար խնայելու նպատակով կօգտագործի միայն արծաթե սպասք

Քաղաքապետարանը զոհողությունների կգնա հանուն ժողովրդի
Քաղաքապետարանը զոհողությունների կգնա հանուն ժողովրդի

Վերջերս հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը 29 միլիոն դրամի կոնյակ ու 1.5 միլիոն դրամի կոնյակի բաժակներ է գնել։ Այս նորությունը դժգոհություն առաջացրեց հարկատուների շրջանում, և քաղաքապետարանը որոշեց պարզաբանումներ տալ։ Ասուլիսի ժամանակ քաղաքապետարանի` պետական գնումների բաժնի պետ Կարո Մարգարյանը նշեց. «Պետք չէ միանգամից խուճապի մատնվել ու քարեր նետել մեզ վրա։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ գնումները կատարում ենք հարկատուների հաշվին, այդ պատճառով մի հիանալի մարտավարություն ենք մշակել` գումար խնայելու նպատակով»։

Ըստ նոր մարտավարության` քաղաքապետարանը առաջիկա եռամսյակի ընթացքում մի շարք ապրանքների հանդեպ զսպվածություն կցուցաբերի։ Մասնավորապես` ձեռք բերվող կոնյակների ցուցակից արդեն իսկ հանվել են 30 և 20 տարեկանները. «Շատ դժվար ու պատասխանատու քայլ էր, բայց մենք դա արեցինք։ Այսուհետև` միմիայն 15 տարեկան կոնյակ ենք գնելու բյուջեի հաշվին։ Հասկանում եք չէ՞, թե ինչ զոհողության ենք գնում. կրկնում եմ` 15 տարեկանից ոչ ավել»,- հպարտությամբ նշել է Կարո Մարգարյանը։

Քաղաքապետարանը չի պատրաստվում սահմանափակվել այսքանով։ Գումար կխնայվի նաև այլ գնումների դեպքում։ «Մեզ համար ամենացավալին ոսկե սպասքից հրաժարվելն էր։ Դե հազար ու մի հյուր ա գալիս, դրանք էլ գիտեք ինչ բծախնդիր են` մինչև ոսկե պատառաքաղ-դանակ չլինի, հաց չեն ուտում։ Գուցե այս քայլը ազդի մեր միջազգային հարաբերությունների ու հեղինակության վրա, բայց մեզ համար ավելի կարևոր է հարկատուների գումարը, այդ պատճառով` մենք հյուրերին այսուհետև կկերակրենք միայն արծաթե սպասքով»,- հուզմունքը չթաքցնելով` պատմել է Կարո Մարգարյանը։

Մեգաթիթեռների գլխաքանակը վտանգի մեջ է
Մեգաթիթեռների գլխաքանակը վտանգի մեջ է

Եւ սա դեռ ամենը չէ. գնումների ցուցակից հանվել են նաև սև խավիարը, կոկորդիլոսի կաշվից պատրաստած թղթապանակները, Armani կոստյումները և 3 Bentley ավտոմեքենա:

«Խնայողական ռեժիմին անցնելուց  կտուժի նաև Երևանի ճարտարապետական տեսքը»,- իր մտավախությունն է հայտնել քաղաքապետարանի աշխատակից Գուրգեն Ամատունին,- «Այո, դուք ճիշտ կռահեցիք. գումար կխնայենք նաև թիթեռների վրա։ Այսուհետև դրանք տեղադրված կլինեն ոչ թե ամեն 200 մետրը մեկ, այլ ամեն 500։ Ցավալի է, դժվար է, բայց սա արվում է հանուն մեր քաղաքացիների ու պետական բյուջեի»։

 

4 Comments

  1. voskin erevi kerelek? arcat@ mnacela . mardik kan vor hac chunen utelu isk dzer hyurer@ ……….. ,.,.,.,.<..>,,,,,,,,,,,,,,

  2. Vardan Kotanjyan via Facebook Vardan Kotanjyan via Facebook 20/04/2015

    Տարոն Արեյանին բարևեք

Մեկնաբանությունները փակ են.