Իշխանությունները շարունակում են ստուգումները խոշոր ձեռնարկատիրություններում, որոնք հաճախ պատկանում են հենց իշխանական թևի պատգամավորներին: Իրենք` խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, միաձայն պնդում են, որ ողջունում են ստուգումները: «Ես առաջ էլ բոլոր հարկերը կվճարեի, ուղղակի հարմար առիթ երբեք չէր եղել: Այ եթե մի կես բերան, սենց հստակ ակնարկեին, մեծ հաճույքով բոլոր հարկերը կմուծեի», — բացատրում է ԱրտեմՇին ընդ Արտեմ ընկերության տնօրեն Արտեմ Արտեմյանը, ով պետք է վճարի մի քանի միլիոն դրամի տույժ:
«Պետք է հաշվի առնել իմ նախկին արածները էս երկրի համար: Ես աներձագ եմ ունեցել, որ հարկայինում տեղակալ մարդ էր, բայց նույնիսկ էդ ընթցքում ինչ-որ չափ հարկ մուծել եմ: Ո՞վ իմ տեղը կվճարեր», — շարունակում է պատգամավոր-գործարարը:
Ֆինանսների նախարարությունը այժմ պատրաստում է մի շարք սոցիալական գովազդներ, որոնք ևս մեկ անգամ կհիշեցնեն խոշոր գործարարներին հարկերը ամբողջությամբ վճարելու կարևորությունը: «Իհարկե մարտահրավեր էր, թե որտեղ ցուցադրել հոլովակները, որ երաշխիք լինի, որ հենց խոշոր գործարարները կտեսնեն դրանք, բայց ձևը գտանք», — պատմում է ֆինանսների նախարարության քաջալերման մասնագետ Դավիթ Ալմազյանը: Հոլովակները կտեղադրվեն ռազմավարական վայրերում` ԱԺ բուֆետում, կցուցադրվեն Երևան-Դուբայ չվերթի ընթացքում, ինչպես նաև Պռոշյան փողոցում գտնվող ռազմավարական օբյեկտներում: Հոլովակներում երկու հետաքրքրաշարժ մուլտհերոս բացատրում են, որ հարկերը պետք է վճարել ամբողջությամբ, հակառակ դեպքում հարկային մարմինները կարող են մի քանի միլիոն դրամի տուգանքներ գրել` անկախ նրանից, թե ով ում բարեկամն ու ծանոթն է:
«Մի քիչ իհարկե սառը ցնցուղի նման էր էս նորությունը, բայց եթե օրենքը փոխվել է, պետք է վճարենք», — նշում է ԳագԷլիտԳռուփ ՍՊԸ տնօրեն Գագիկ Վասակյանը, — «Ուղղակի ստացվում է` իզուր տղայիս ամուսնացրեցի մեր հարկային տեսուչի հետ»: Հոլովակների ազդեցությունը ակնառու է արդեն այսօր` հարկային մարմինների դիմաց նկատվում են խոշոր բիզնեսմենների աննախադեպ կուտակումներ` շատերը պատրաստ են լրացուցիչ մի քանի հարկ վճարել տեսուչի այցը արագացնելու համար: