Կառավարության նոր որոշմամբ` մայիսի 1-ից սկսած լոքշ օրերը կդառնան ոչ աշխատանքային։ Ըստ Կառավարության մամլո խոսնակ Աբրահամ Հովհաննիսյանի` այս քայլն առաջին հերթին ուղղված է ՀՀ տնտեսական աճի խթանմանը. «Տեսեք, վերջերս մեռելոցները պաշտոնապես դարձան աշխատանքային օրեր, այսինքն շաբաթվա մեջ ևս մեկ լրացուցիչ օր պետական պաշտոնյաները պետք է գնան աշխատանքի, իսկ այդ օրերին հիմնականում անելու բան չկա։ Ի՞նչ է ստացվում` պաշտոնյան գնում է գործի` ծախսելով բենզին կամ գազ, օգտագործում է իր սենյակի էլեկտրականությունը, լրացուցիչ զուգարանի թուղթ օգտագործում, կինոներ է քաշում ինտերնետից և այլն, արդյունքում` տուժում է բյուջեն»,- նշել է Հովհաննիսյանը։
Լոքշ օրերի շնորհիվ այս տարի նախատեսվում է բյուջեն համալրել մոտ մեկ միլիարդ դրամով։ Մեզ հետ զրույցում ՀՀ պետական պաշտոնյաներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, նշեց. «Ես միայն ողջունում եմ այս որոշումը։ Լոքշի զգացումը առաջանում է, երբ կա՛մ բան չկա անելու, կա՛մ էլ լիքը բան կա, բայց չգիտես` ինչ անես ու ոնց։ Ինձ մոտ դա տեղի ունենում շաբաթը 3-4 անգամ` չհաշված հանգստյան օրերը, բայց կանոնակարգը պահանջում է այդ պահին գտնվել աշխատանքի վայրում և ակամա վատնել բյուջեն։ Իսկ հիմա` ես կանեմ դա տանը»։
Որոշումը տարակուսանք է առաջացրել ԱԺ որոշ պատգամավորների մոտ։ Մասնավորապես` ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ ՀՀ-ում յուրաքանչյուր ամսվա առնվազն 40-50%-ը լոքշ է լինում. «Հիմա ի՞նչ, ամիսը 1-2 նիստ գումարե՞նք դրա պատճառով»,- տարակուսել է Հեղինե Բիշարունցը։
Այնուամենայնիվ` Կառավարությունը մտադիր չէ ետ կանգնել այս որոշումից. «Մենք մտադիր չենք ետ կանգնել այս որոշումից, հատկապես, երբ մեծամասնությունը կողմ է դրան»,- նշել է Հովհաննիսյանը։
Որոշումը առանձնակի ոգևորությամբ ընդունել են Սփյուռքի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Ուինդսերֆինգի ֆեդերացիան։ «Վերջապես, վերջապես մենք կկարողանանք մտածել մեր անելիքների մասին տանը` ընտանիքի կողքին, և ոչ թե նախարարության շենքում»,- նշել են Սփյուռքի նախարարությունից։
Իսկ Երևանի քաղաքապետարանը արդեն պլանավորում է կազմակերպել Լոքշի փառատոն։ «Լոքշին նվիրված միջոցառումները կանցկացվեն ամբողջ քաղաքում` հիմնականում բազմակի ասֆալտապատման և թիթեռների տեղադրման տեսքով»,- նշել է Քաղաքապետարանի ներկայացուցիչ Գուրգեն Ամատունին։
Ցավոք, մեզ չհաջողվեց կապ հաստատել Ուինդսերֆինգի ֆեդերացիայի հետ, քանի որ հեռախոսին պատասխանող չկար։