Տնտեսական աճի խրախուսման համար պաշտոնյաներին կստիպեն գնել ավելի շատ վարդ միամսյակի ընթացքում (հետո վարդերի մի մասը կարելի կլինի նվիրել փողի տեսքով, ու ոչ թե իրենց կանանց, այլ բյուջե): «Դե եթե վարդ են առնում, ասենք մի 20 տոկոսն ա ընդամենը բյուջե գնում, իսկ մնացածն ինչ-որ հոլանդացի անդարդ ծերուկների: Էնա միանգամից թող փողը տան` կեսը մեզ, կեսն իրենց կանանց: Կամ կանանց թող ուղղակի ինչ-որ բացիկ տան… իրենց ձեռքով սարքած»,- նշել է կառավարության` պետբյուջեի համալրման վարչության պետ Նվեր Տասովկյանը,- «Սակայն եթե, այնուամենայնիվ, որոշել են վարդեր գնել, ուրեմն պետք է շատ գնեն… Շատ-շատ…»։
Այս ծրագիրն, ըստ Տասովկյանի, ոչ միայն կօգնի համալրել պետբյուջեն, այլև կխրախուսի տեղական բուսականությունը։ «Տեսեք` միամսյակի ընթացքում պաշտոնյաները իրենց կանանց հիմնականում հոլանդական վարդեր են նվիրում` մոռանալով մեր տեղական ծաղիկների մասին։ Մենք առաջարկում ենք ճկուն զեղչեր, եթե նրանք գնեն Հայոց հողում աճած ծաղիկներ` 3 տեղականը 1 հոլանդականի գնով»,- ուրախացրել է Տասովկյանը։
Որոշումը աննախադեպ մտահոգություն է առաջացրել պաշտոնյաների շրջանում։ Նրանցից մեկը, խնդրելով չնշել իր անունը, կիսվել է. «Դե սենց չեղավ… Ես միամսյակին կնոջս 2-3 վարդ էի նվիրում, տենց սովորություն ունեմ… Դե սիրած էլ ունեմ, 2-3 հատ, իրանց էլ մի 4-5 հատ, մարդա… Իսկ հիմա միջինը 44-45 հատ վարդ պիտի առնեմ»։
Տասովկյանը շտապել է հանգստացնել` նշելով, որ իրենց մոտ ամեն ինչ մտածված ու նախատեսված է. «Մեզ մոտ գործում են ճկուն զեղչեր նաև սիրուհի ունեցող պաշտոնյաների համար. 1 սիրուհու դեպքում` 10 տոկոս, երկուսի` 15 և այդպես շարունակ։ Այսինքն` որքան շատ սիրուհի, այդքան շատ զեղչեր… Ասեք, որ շշել ենք»,- ասել է Տասովկյանը։
Մեկ այլ պաշտոնյա, որը նույնպես չցանկացավ նշել իր անունը, մեկ այլ մտահոգություն է հայտնել. «Ես պաշտոնյա գիտեմ, որ սեփական ծաղկի խանութ ունի… Այսինքն իրա վրա համարյա ձրի ա նստելու ծաղիկ առնելը, էդ պահը ո՞նց պիտի արվի բա»։ Հենց այդ խոսքի վրա մեզ հետ է կապվել նույն Տասովկյանը և շտապել է ուրախացնել անանուն պաշտոնյային. «Հոգ չէ, մենք նախատեսել ենք նաև դա. միամսյակի ընթացքում կհսկվեն բոլորը, և խանութ ունեցող պաշտոնյաներին կստիպենք ծաղիկ գնել մեկ այլ խանութից»։
Այս լուրն անչափ ուրախացրել է վերոհիշյալ անանուն պաշտոնյային։ «Դզեց, այսինքն էդ ընթացքում խանութումս լավ գործ կլինի»,- բերանից թռցրեց նա։
:)))