Press "Enter" to skip to content

Կենտրոնական բանկը չի ստիպի բոլոր լրագրողներին ներողություն խնդրել

Երկուշաբթի կմեկնարկի «Գրկի՛ր Կենտրոնական բանկի աշխատակցին» համաժողովրդական ակցիան
Երկուշաբթի կմեկնարկի «Գրկի՛ր Կենտրոնական բանկի աշխատակցին» համաժողովրդական ակցիան

Չնայած ոչ աշխատանքային օրվա, Հայաստանի Կենտրոնական բանկը այսօր արտահերթ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ԿԲ ռազմավարության և ինֆլյացիայի բաժնի ղեկավար Մարգար Դրամփյանը անդրդարձավ Ադրբեջանական մանաթի արժեզրկմանը: Ստորև ներկայացնում ենք ելույթը ամբողջությամբ.

«Հարգելի լրագրողներ, թղթակիցներ և ինչու ոչ` բլոգերներ: Երևի կռահում եք` ինչու եմ այսօր Ձեզ այստեղ հավաքել: Ադրբեջանական մանաթը մեկ գիշերվա ընթացքում արժեզեզրկվել է 33.5%-ով: Պատկերացնու՞մ եք 33.5%-ը ինչ թիվ է: Իհարկե չեմ հրավիրել Ձեզ, որ գլուխ գովենք, բայց մյուս կողմից` 33.5%: Եթե մենք թողնեինք դրամը էդքան արժեզրկվեր, հիմա դոլարը մի 550 դրամ կլիներ, բայց ընդամենը 477 դրամա: Հանկարծ չմտածեք, որ այսօրվա հանդիպման նպատակն է չարախնդալը, կամ նման մի էժանագին բան: Բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, թե ինչ լացուկոծ ու ողբ էին կապել մեր լրատվականները, երբ դրամը արժեզրկվեց ընդամենը 15-16%-ով: Հիմա դա համեմատեք Ադրբեջանի 33.5%-ի հետ: Բա արժե՞ր:

Չէի ուզենա մանրանալ, բայց ավելորդ չի հիշեցնել ինչ վիրավորական վերնագրեր էիք գրել այդ օրերին բոլորդ: Առավոտ թերթը չէր ամաչել ու գրել էր «Դարակազմիկ կոլափս Կենտրոնական բանկում», Իրավունք defacto-ն առանց որևէ բան ստուգելու միանգամից հայտարարեց «Ընդդիմությանը, համասեռամոլներին ու մասոններին հաջողվեց ծնկի իջեցնել դրամը», բա՞ iԼուր.am-ի «Ռեժիմը դրամն էլ կործանեց» սյունակը: Հիմա խղճի խայթ գոնե զգու՞մ եք: Ո՞րտեղ է Շամշյան.com-ը իրա «Դրամի արժեզրկումը 12 Opel Vectra-ի ավտովթարի պատճառ», ի՞նչ եղավ BlogNews-ին ու իր «Սոնա Շահգելդյանի 14 ամենասուր ստատուսները Կենտրոնական բանկի մասին» վերնագրին: Ինչու՞ եք հիմա բոլորդ ձայնը կտրել:

Այսօրվա ասուլիսի իմաստը, բնավ երեսով տալը չէ, բայց կարելի է չէ՞ մի հատ համեմատել մեր փոքրիկ արժեզրկումը ադրբեջանական էպիկական 33.5% արժեզրկման հետ: Ակամա մտածում ես, այ հիմա գոնե կարելի է գնահատել, թե ով է ամենահզոր Կենտրոնական բանկը տարածաշրջանում:

Անձամբ Արթուր Ջավադյանին գրկած լրագրողները միանգամից կհամարվեն ներված
Անձամբ Արթուր Ջավադյանին գրկած լրագրողները միանգամից կհամարվեն ներված

Թող հենց հիմա կայծակը ինձ տեղում խփի, եթե սուտ եմ ասում, չէի ցանկանա, որ բոլորդ ներողություն խնդրող, կամ ձեր ակնհայտ սխալները ընդունող հոդվածներ գրեիք: Ոչ, ի սեր Աստծո: Բայց առաջարկում եմ, որ յուրաքանչյուր լրագրող, երբ կտեսնի Կենտրոնական բանկի որևէ աշխատակցի, թող մոտենա և գրկի նրան` ամուր-ամուր գրկի: Եթե ցանկություն լինի ասել «կներես եղբայր», կամ «սխալվել եմ քույրիկ» մի զսպեք այդ ցանկությունը: Սույնով մեկնարկում է «Գրկի՛ր Կենտրոնական բանկի աշխատակցին» համաժողովրդական ակցիան: Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար»:

2 Comments

Մեկնաբանությունները փակ են.