ԵՐԵՎԱՆ — Իշխանությունը հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած այն լուրը, որ ԲՀԿ խորհրդաժողովի արդյունքում ՀՀԿ-ի շարքերում տիրում է խուճապ և ընկճախտ:
«Մեզ մոտ չի տիրում ոչ խուճապ, ոչ էլ ընկճախտ,» — հայտնում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, — «Ընդհակառակը` նման հավաքները մեզ ավելի են կոնսոլիդացնում և զգոնացնում»:
Իշխանությունը բացատրում է, որ ընդդիմության ցանկացած առաջխաղացում լրացուցիչ խթան է հանդիսանում իշխանության սթափվելու, ուժերը ստուգելու և ընդհանուր տոնուսը բարձրացնելու համար:
«Դա շատ նման է սուրճ խմելու` ԲՀԿ ամեն հավաքից հետո մի քիչ ավելի ոնց-որ հետաքրքիր արթնացնող էֆեկտ զգանք», — բացատրում է ՀՀԿ պատգամավոր Արմամ Սահակյանը, որը խնդրեց չնշել իր անունը — «Մենք սենց կողքից նայում ենք ու վերլուծում ենք, թե ում օդերն ա պետք հիմա փակել, որ հետո էլ չթպրտան»:
Փորձագետների կարծիքով ոչ իշխանական ուժերի հավաքները ունեն առնվազն մեկ դրական կողմ` դրանք ստիպում են իշխանությանը ավելի զգույշ ու ավելի կոռեկտ քաղաքակնություն վարել, շահել քաղաքացիների սիրտը և ավելի լավ աշխատել:
Սակայն կառավարության ներկայացուցիչներից մեկը, որը ևս խնդրեց չհայտնել իր անունը (կառավարության խոսնակը — խմբ.) հերքեց փորձագետների կարծիքը. «Ես գիտեմ, որ շատ փորձագետներ մտածում են, որ ընդդիմության ակտիվությունը գոնե մի քիչ դրդում ա տնտեսություն-բան բզբզանք, բայց.. չէ.. հեչ վեջներս չի… Այ եթե իրոք կարողանան մեզ խուճապի մեջ գցել, գուցե մի երկու լավ բան անենք, բայց էս տիպի հավաքները տպավորիչ չեն»:
«Մի քիչ էլ որ գազ տան, կարողա մի թեթև կոռուպցիայի ծավալը կրճատենք, բայց դե էդ էլ շաատ պտի գազ տան», — բացատրում է անանուն կառավարության խոսնակը:
Ոչ իշխանական ուժերը իրենց հերթին պատրաստվում են շարունակել մեծացնել ճնշումը իշխանության վրա: ԲՀԿ ներկայացուցիչը, որը ոչ մի կերպ չհամաձայնվեց ներկայանալ (Նաիրա Զոհրաբյանն էր — խմբ.) պնդում է, որ շարունակելու են զգուշավոր մեծացնել քննադատությունը իշխանության նկատմամբ:
«Այո, իշխանափոխություն է պետք և մենք շարունակելու ենք շատ հուժկու պահանջել, որ ինչ-որ մարդիկ կամ մարդ, անուններ դեռ էս տարի էլ չենք տա, հեռանան իշխանությունից», — նշում է Ն. Զ.-ն — «Այս տարի էլ կկենտրոնանանք վարչապետին քննադատելու վրա, բայց արդեն մյուս տարի կարողա ավելի մեծացնենք կալիբրը»: