Press "Enter" to skip to content

Շրջանառության հարկի մասին օրենքը կներկայացնի սիրված երգիչ-երգչուհիներից մեկը

Շրջանառության հարկի մասին օրենքը կներկայացնի Միհրան Ծառուկյանը կամ Լիլիթ Հովհաննիսյանը (կառավարությունում դեռ թեժ քննարկուներ են այս հարցով - խմբ.)
Կառավարությունում դեռ թեժ քննարկուներ են օրենքը ներկայացնելու թեկնածուների հարցով

Հաշվի առնելով շրջանառության հարկի մասին նոր օրենքի և նախկինում ընդունված օրենքների հետ կապված փորձը (բողոքի ալիք, ցույցեր.- խմբ.)` Կառավարության որոշմամբ նոր օրինագծերը այսուհետև կներկայացնեն սիրված երգիչ-երգչուհիները։ Մասնավորապես` շրջանառության հարկի մասին օրենքը կներկայացնի Միհրան Ծառուկյանը կամ Լիլիթ Հովհաննիսյանը (կառավարությունում դեռ թեժ քննարկուներ են այս հարցով — խմբ.)։ «Սա աննախադեպ առաջընթաց կլինի կառավարություն-քաղաքացի հարաբերություններում։ Այո, մենք խնդիր ունենք նոր օրենքները, նույնիսկ եթե դրանք հակասահմանադրական չեն, հասկանալի ներկայացնելու և վստահություն ձեռք բերելու հարցում»,- նշել է Կառավարության PR մասնագետ Անաստաս Տեսքունցը։

«Կան պաշտոնյաներ, ում արտաքինը ինքն իրենով արդեն իսկ անվստահության մթնոլորտ է ստեղծում, կան նաև պաշտոնյաներ, որոնք խնդիրներ ունեն ժպտալու հետ կապված։ Իսկ հիմա պատկերացրեք` այդ ֆոնին Միհրան Ծառուկյանը կամ Լիլիթ Հովհաննիսյանը հանդես է գալիս նոր օրենքի ընթերցմամբ և այն ներկայացնում ժողովրդին։ Կարծում եմ` դրանից հետո ցույցերի քանակը կնվազի 60-70 տոկոսով»։

Լուրն անհանգստություն է առաջացրել մի շարք ընդդիմադիր ու այլընտրանքային գործիչների մոտ։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է. «Եթե առաջ մենք կարող էինք ժողովրդի կողմից մասնակցել ցույցերին, հիմա արդեն շատ դժվար կլինի։ Օրինակ ես շատ եմ սիրում Լիլիթ Հովհաննիսյանի արվեստը։ Եթե, Աստված մի արասցե, Լիլիթը ներկայացնի, օրինակ, կենսաթոշակայինի մասին օրենքը, ես ո՞նց եմ դուրս գալու կամ խոսելու նրա դեմ, ախր ինքը շատ լավն ա: Իսկ մյուս կողմից էլ`  Ծառուկյան ազգանունով երգչի ներկայացրած օրենքի դեմ քվեարկելու համար էլ ձեռքս դժվար բարձրանա… Շատ խորամանկ ու նենգ բան են անում իշխանությունները»։

Մ.Մելքումյան. «Ծառուկյան ազգանունով երգչի ներկայացրած օրենքի դեմ քվեարկելու համար էլ ձեռքս դժվար բարձրանա»
Մ.Մելքումյան. «Ծառուկյան ազգանունով երգչի ներկայացրած օրենքի դեմ քվեարկելու համար էլ ձեռքս դժվար բարձրանա»

Կառավարությունն, իր հերթին, այսքանով չի սահմանափակվում։ «Հիմա մենք մշակում ենք մի նախագիծ, որով մոտ ապագայում բոլոր նոր օրենքները ոչ միայն կներկայացվեն աստղերի միջոցով, այլև յուրաքանչյուր օրենք, որոշում ու նույնիսկ թանկացում կունենա իրեն նվիրված երգն ու տեսահոլովակը»,- պատմել է Տեսքունցը։ «Պլանավորում ենք արդեն այս գարնանը ժողովրդի դատին ներկայացնել «Լույսի վարձ, եղիր շատ», «Իմ սիրած տղան հարկայինից է» և «Կրքոտ մենաշնորհ» երգերը»,- ոգևորությամբ հավելել է նույն Տեսքունցը։

Մեր թղթակցին հասած տեղեկություններով` Երևանի քաղաքապետարանը նույնպես պատրաստվում է կիրառել այս մեթոդը։ Ասում են` Ավետ Բարսեղյանն արդեն սկսել է խոսքեր գրել «Սիրո կարմիր գիծ» և «Ասֆալտը երբեք շատ չի լինում» երգերի համար։ Իսկ ապագայում սպասվող սահմանադրական բարեփոխումների փաթեթը, ըստ նույն աղբյուրների, կներկայացնի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

 

6 Comments

  1. Աննա Հարությունյան via Facebook Աննա Հարությունյան via Facebook 01/02/2015

    հեսա մի երկու օրից ես «աստղերը» պատասխան կուզեն ձեզանից 😀

  2. Evelina Avetisyan via Facebook Evelina Avetisyan via Facebook 02/02/2015

    😀 😀 shutov durs kga u miangamic hit kdarna

  3. Heghine Khachatryan via Facebook Heghine Khachatryan via Facebook 02/02/2015

    ամեն ինչից առաջ, առաջարկում եմ գրել երգ ՙՙԻմ սիրած տղան ՀՀԿ-ից է՛՛

Մեկնաբանությունները փակ են.