Press "Enter" to skip to content

Առողջապահության նախարարությունը խոստանում է հնարավորինս քիչ վնաս պատճառել քաջարանցիներին

Նախարարությունն ընդունում է, որ մի տեսակ անհամ բան է ստացվել
Նախարարությունն ընդունում է, որ մի տեսակ անհամ բան է ստացվել

Վերջերս հայտնի դարձավ, որ Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտային թյուրիմացություն է տեղի ունեցել։ Պատճառը ոչ ստերիլ բժշկական գործիքներն են։ Այս դեպքի առնչությամբ Առողջապահության նախարարությունը խոստացել է, որ այսուհետև հնարավորինս քիչ վնաս կպատճառի քաջարանցիներին։ «Համաձայն եմ, մի քիչ չափն անցել են բժիշկները… Մի տեսակ անհամ բան ա ստացվել»,- վրդովված նշել է նախարարության` հիվանդների հետ հոգատար վերաբերմունքի բաժնի պետ Բարսեղ Բուժունցը։

Դեպքի համար մեղադրվող բժիշկներից Ջեք Գրիգորյանը պատմեց, որ դա պատահականություն էր. «Պետք չէ ճանճից փիղ սարքել։ Ընդամենը մոռացել էինք գործիքները նորմալ մաքրել, համ էլ սպիրտը վերջացել էր… Կրկնում եմ` դա պատահականություն էր, մենք չէինք կարող մատներիցս հոտ քաշել ու իմանալ, որ Հիպոկրատ C-ի վտանգ կա… Ի՞նչ… Հա, թող Հիպատիտ լինի, կարևորը` ավելի վատ բաներ չեն եղել»։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ արդեն հարուցված է քրեական գործ, և բոլոր մեղավորները կպատժվեն։ «Մեր բացթողումն էր, որ այդ ծավալի վնասը պատճառվել է մեկ վայրում։ Այդ պատճառով ընկնում է մեր ու հայ բժիշկների վարկանիշը։ Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որ այսուհետև վնասները լինեն ավելի քիչ ու չկենտրոնանան մեկ հիվանդանոցում, այլ տարածված լինեն ՀՀ բոլոր մարզերի բժշկական կենտրոններում։ Այդպիսով կկարողանանք հանրության ուշադրությունը շեղել միայն մեկ դեպքից»,- հուսադրել է Բուժունցը։

Բժիշկ Ջեք Գրիգորյանը կոչ է անում ճանճից փիղ չսարքել
Բժիշկ Ջեք Գրիգորյանը կոչ է անում ճանճից փիղ չսարքել

Վարակի դեպքը նաև լուրջ իրարանցում է առաջացրել Բժշկական համալսարանում։ Մի շարք ուսանողներ ցանկություն են հայտնել աշխատելու հենց Քաջարանի բժշկական կենտրոնում։ 3-րդ կուրսի ուսանող, ապագա վիրաբույժ Մարիշոկը մեզ հետ զրույցում նշել է. «Վաաայ, ինչ լավ ա։ Կակ ռազ պարապ եմ մնացել, դասի չեմ գնում նորմալ ու 3 հատ լիկվիդ ունեմ։ Եթե ինձ գործի վերցնեն, մեծ հաճույքով կաշխատեմ, հիվանդներին կբուժեմ, օպեռացիա բան կանեմ… Համ էլ վարձիս փողը կհանեմ ձեռի հետ, էլի»։

Բժշկական կենտրոնից առայժմ պատասխան չկա, սակայն չհաստատված տեղեկությունների համաձայն` բժշկական կենտրոնը լիկվիդ մնացած բժիշկ-ուսանողներին աջակցելու մեծ փորձ ունի, և չի բացառվում, որ շուտով Մարիշոկը աշխատանք կունենա։

 

4 Comments

  1. Lilit Syuneci Lilit Syuneci 27/01/2015

    Ինչ լինի, Սյունիքից կլինի… առաջադեմ մարզ է…հո զոռով չի….

    Հ.Գ. Մարիշոկն էլ է Սյունիքից…)))

Մեկնաբանությունները փակ են.