ԵՐԵՎԱՆ — Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը երկարացնել հարկային ծառայության աշխատակիցների արձակուրդները: Ըստ իրենց` նախաձեռնության նպատակն է ՓՄՁ զարգացումը Հայաստանում:
ՓՄՁ-ների միության ղեկավար Վլադիսլավ Ճկռունցը նշում է, որ արձակուրդները անհրաժեշտ են Հայաստանում բիզնես միջավայրի աշխուժացման և առողջացման համար: «Եթե մենք ուզում ենք արագ զարագացող և ուժեղ ձեռնարկություններ և բինզես խավ, ապա հարկային ծառայության արձակուրդները պետք է երկարացվեն գոնե մինչև փետրվարի կես», — նշում է Ճկռունցը — «Իսկ իդեալականը, իհարկե, կլիներ մինչև մարտ` 2017 թվականի մարտ»:
Կառավարությունը արձագանքել է նախաձեռնությանը և խոստացել ոլորտին լիցք հաղորդող քայլեր ձեռնարկել: Կառավարության խոսնակ Վալդեմար Ահարոնյանը նշել է. «Որպես առաջին քայլ արդեն որոշվել է մեկ ամսով անջատել հարկային ծառայության ինտերնետն ու հաղորդակցության միջոցները, ինչը արդեն փոքրիկ խթան կհանդիսանա ՓՄՁ-ներին: Այնուհետև մտածում ենք ամեն շաբաթ երկու-երեք օրով զրկել Հարկայինի աշխատակիցներին մեքենաներից, ինչը ևս լուրջ թափ կհաղորդի բնագավառի զարգացմանը»:
Միջազգային կազմարեկպությունները խոստացել են աջակցել Հայաստանի ՓՄՁ համայնքի զարգացմանը և ակնարկել են մեծ դրամաշնորհներ: ՄԱԿ-ի ներկայացուցիչը խոստացել է 2015-2016 թթ ընթացքում Հայաստանին տրամադրել 40 միլիոն եվրոյի չափով օգնություն: Օգնության մեծ մասը կօգտագործվի հարկային աշխատակիցներին հետաքրքիր խաղեր, տրենաժորներ և տանը պահող այլ հնարքներ ձեռք բերելու վրա:
«Մեր նպատակն է, որ Հարկային ծառայողները հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն տանը, խաղան վիդեոխաղեր և ընդհանրապես հնարավորինս քիչ գնան գործի», — ասում է ՄԱԿ ներկայացուցիչ Ինակենտի Մաքդոնալդսը: «Ինչքան քիչ շփում լինի հարկայինի և ՓՄՁ-ների միջև, այդքան արագ կզարգանա միջին խավը Հայաստանում»:
Ֆինանսների նախարարությունը առայժմ չի արձագանքել շրջանառվող տեղեկություններին, սակայն անանուն աղբյուրները պնդում են, որ Հարկային ծառայությունը անպայման ուզում է վերադառնալ ակտիվ աշխատանքի: Աղբյուրների պնդմամբ` Հարկայինը վստահ է, որ ՓՄՁ-ներին մի փոքր ազատություն տալու դեպքում նրանք կարող են խոշորանալ և աղավաղել Հայաստանի գործարար խճանկարը:
«Փորք» չէ, «փոքր»։ Վերնագիրն ուղղեք 😉
Aftab tveq tox uten….dandaxasharj u dandalosh darnan!!!