Ամանորին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է քանդել-ասֆալտապատել մի շարք հարթ փողոցներ։ «Մենք չենք ուզում Նոր տարի մտնել չքանդած ու, թույլ տվեք այսպես ասել` կույս փողոցներով»,- նշել է ասֆալտապատման բաժնի ղեկավար Ղուկաս Քանդիկյանը։
Մինչև դեկտեմբերի 31-ը քաղաքապետարանը կվերաասֆալտապատի 32-34 փողոց, որոնց մեջ պարտադիր լինելու են Տերյանն ու Արշակունյաց պողոտան։ «Տեսեք` հաջորդ տարվա գարնանը սենց թե նենց պետք ա ասֆալտապատենք, չէ՞։ Հիմա հարց` ի՞նչ երաշխիքներ կան, որ, օրինակ Տերյան փողոցը մինչև մյուս տարվա գարուն հարթ կմնա։ Դրա համար էլ պետք ա ապահովության համար այս տարի էլ հարթեցնենք»,- բացատրեց Քանդիկյանը։
Ավագանու ընդդիմադիր ու այլընտրանքային անդամները, սակայն, չեն ողջունել այս նախաձեռնությունը` այն կապելով փողերի լվացման հերթական միջոցի հետ։ Ավելի ստույգ` այլընտրանքայինները ոչ մի հստակ բան չնշեցին և դուրս եկան դահլիճից։
«Բազմակի ասֆալտապատումը հստակ ապացույցն է այն բանի, որ ռեժիմի խուճապը հասել է գագաթնակետին»,- նշել է ավագանու հետ կապ չունեցող Լևոն Զուրաբյանը։ Քանդիկյանը, հակադարձելով մեղադրանքներին, հայտարարել է. «Ի՞նչ է նշանակում փող լվանալ։ Այո, լինում են դեպքեր, ու շատ հաճախ, երբ գումար ա հայտնվում, ու ուզում ես նույն ասֆալտապատման միջոցով էդ գումարից մի քիչ էլ քեզ պահես` որպես օջախ պահող։ ԲԱՅՑ ոչ, մենք… մենք նման բան… չենք անում»։
Հավելենք, որ բացի ասֆալտապատմանը տրամադրվող գումարներից, պետբյուջեից հավելյալ միջոցներ կուղղվեն նաև ձմեռային աշխատանքներին։ «Ինչպես ցույց են տալիս մեր լավագույն մասնագետների ուսումնասիրություններն ու փորձը` չի բացառվում, որ ձմռան ամիսներին անակնկալ ձյուն կգա, ինչը կբարդացնի ասֆալտապատման աշխատանքների բնականոն ընթացքը։ Այդ պատճառով մենք այդ հավելյալ գումարը կպահենք մեզ մոտ. եթե ձմռանը ձյուն չգա, կվերադարձնենք»,- հուսադրեց Քանդիկյանը։
Կիսվելով հաջորդ տարվա պլանների մասին` Քանդիկյանը նշեց. «Հաջորդ տարի, եթե ստացվի, վերջապես կվերանորոգենք նաև Հյուսիսային պողոտան։ Դա մեր քաղաքի զբոսաշրջային կենտրոնն ա։ Չնայած` հիմա էլ վատ չի, ու դժվար է գտնել մի տուրիստի, ով կդժգոհեր Հյուսիսայինից… ընդհանրապես` դժվար է գտնել մի տուրիստի Հյուսիսայինում, բայց հարցը դա չի։ Սալիկները ալա-բուլա են երևում»,- մխիթարեց Քանդիկյանը։