Press "Enter" to skip to content

Հայաստանը 2039 թ.-ի երկրորդ կեսին խոշոր վարկ է ակնկալում Յուպիտերի իշխանությունից

«Յուպիտերը հենց անցնում եք, ձախի վրա երեք պիտնաի մոլորակ կա: Ոնց էլ լինի մեկը վարկ կտա», - Գ. Ս.
«Յուպիտերը հենց անցնում եք, ձախի վրա երեք պիտնաի մոլորակ կա: Ոնց էլ լինի մեկը վարկ կտա», — Գ. Ս.

ԵՐԵՎԱՆ — Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ընդունեց նոր տիեզերական օդակայան կառուցելու մասին օրինագիծը: Նոր օդակայանը նախատեսվում է կառուցել Յուպիտերից վարկ վերցնելու ծրագրի շրջանակներում:

«Մենք չենք կարող մեր երկրի, մեր պետության ապագան կառուցել Համաշխարհային բանկից և ԱՄՀ-ից վերցրած վարկերի վրա: Մեր երեխաները դրան չեն արժանի», — նշում է ֆինանսների նախարարության Վանիկ Տուրունցը, — «Մենք պետք է անցնենք այլ մոլորակներից վարկեր ներգրավելուն»:

Այս մոտեցումը արդեն որդեգրվել է իշխանության մյուս  ճյուղերի կողմից: ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ չի կարելի սահմանափակվել ներմոլորակային ռեսուրսներով:

«Իմ տեղեկությունների համաձայն` Յուպիտերի կողմերում կա առնվազն երեք մոլորակ, որտեղից մենք ստանում ենք ազդանշաններ», — բացատրում է Գալուստ Սահակյանը: «Մենք պետք է տիեզերագնացների թիմ ուղարկենք, որոնք կկարողանան բացահայտել նոր մոլորակ, հիմնադրել այնտեղ նոր կյանք, նոր քաղաքակրթություն, որից հետո կկարողանանք ստանալ արտոնյալ երկարաժամկետ վարկեր»:

Երկրի երկրորդ դեմքի կարծիքով` կան գալակտիկաներ, որտեղ ժամանակը և տարածությունը տարբերվում է երկրայինից: «Այնտեղ անցյալը ներկան և ապագան համատեղված են տարածության մեջ: Պարզապես մենք մեր պայմաններում չենք կարողա դա զգալ, քանի որ սովոր ենք եռաչափ մոդելի: Ասենք նույն եռյակը… չէ, մի րոպե… էդ ուրիշ էր…», — նշում է Սահակյանը:

«Չի կարելի դեպի Յուպիտեր այդ կարևոր արշավը վստահել այս իշխանությանը», - Զոհրաբյան
«Չի կարելի դեպի Յուպիտեր այդ կարևոր արշավը վստահել այս իշխանությանը», — Զոհրաբյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս կողմ է այդ գաղափարին. «Տեսեք ոնց է վիճակը. Ա կետից Բ կետ մեզ միացնում է մի գիծ ու մեզ թվում է, որ էդ գծից բացի Բ կետ հասնելու ձև չկա: ԲԱՅՑ եթե բռնեք այն թուղթը, որի վրա նկարած ա Ա ու Բ կետերը, ծալեք կպցնեք իրար, կստացվի, որ… ահագին կտրում խնայում ենք ժամանակ ու տարածություն»:

Բարգավաճ Հայաստանը զգուշավոր, բայց դատապարտող դիրք է ընդունել այլ մոլորակների հետ կապ հաստատելու և վարկ վերցնելու հարցում: Նաիրա Զոհրաբյանը ասել է. «Կառավարությունը, ինչպես միշտ, իրականությունից կտրված մի զավեշտալի առաջարկ է մշակել: Պետք է հասկանալ, որ այդ երեք Յուպիտերամերձ մոլորակներից միայն մեկն է, որ պիտանի է կյանքի համար, իսկ մյուսներից գալիս է մոլորեցնող ազդանշան: Պետք է ճիշտ հաշվարկ կատարել, ճիշտ հաշվարկել ռեսուրսները այդ մոլորակ հասնելու համար, ինչին այս նախա… վայ.. կներեք.. քիչ էր մնում ասեի «նախագահը»: Ինչին այս վարչապետը ունակ չէ»:

Եվ չնայած քաղաքական ուժերի մեծ մասը համաձայն է, որ երկրի ապագան Յուպիտերի կողքին պիտանի մի մոլորակ գտնել և բնակեցնելն է, սակայն մեթոդների մասին դեռ մնում են բազմաթիվ տարաձայնություններ:

6 Comments

  1. Vemir Barcafan Mxitaryan via Facebook Vemir Barcafan Mxitaryan via Facebook 29/11/2014

    ba marsamityuny chi ta mez vark =D

Մեկնաբանությունները փակ են.