Բազմաթիվ կեղծ դեղամիջոցների առկայությունը Հայաստանի դեղերի շուկայում ունի բազմաթիվ դրական կողմեր: Այս մասին այսօր հայտնեց «Հիվանդներ առանց սահմանների» ՀԿ նախագահ Լևոն Մեցիտյանը: ՀԿ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ կեղծված դեղորայքները մեծապես նպաստել են բնակչության ընդհանուր դիմադրողականության բարձրացմանը: «Եթե դուք վախենում եք, որ չարաշահել եք այս կամ այն դեղը, հրաշալի լուր ունենք ձեզ համար` ձեր ընդունած դեղերի կեսը իսկական չի եղել: Այսինքն` օրգանիզմը ինքն է պայքարել հարբուխի, միգրենի կամ այլ հիվանդության դեմ», — բացատրեց Մեցիտյանը: Նրա պնդմամբ, դեղերի շուկայի խայտառակ վերահսկումն իրականում ավելի լայն ռազմավարական ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում: Մարդասիրական ծրագրի վերջին նպատակն է լիովին ազատել հայաստանցիներին դեղերի կախվածությունից: Լրագրողների հնչեցրած հարցին` արդյոք կեղծ դեղերը թունաքիմիկատներ չեն պարունակում, մասնագետը ներվային մաքրեց կոկորդը և խոսքը տրամադրեց հաջորդ բանախոսին:
Դեղատների «42.1» ցանցի տնօրեն Աբո Պրոֆենյանը գտնում է, որ չի կարելի դեղատներին դարձնել քավության նոխազ և, որ մեծ հաշվով կեղծ դեղերի տարածմանը նպաստում են հենց իրենք` սպառողները: «Մարդը մտնում է, տեսնում է դեղի տուփի վրա հաստ կարմիր տառերով գրած է «Антигрипин», ու գնում է այդ դեղը: Մինչդեռ դպրոցում իրեն սովորեցրել են, որ грипп բառը երկու П-ով է գրվում: Կամ կգան, կհարցնեն փորացավի դեղ: Ասա եթե ինքդ չգիտես` ինչ դեղ ես ուզում, ո՞նց քեզ մի տուփ Տուֆտաֆերացիլին չվաճառեն», — բողոքեց դեղագետը:
Հայաստանի կեղծ դեղերի փորձը մեծ հետաքրքրություն է առաջացրել արևմտյան բժիշկների մոտ, ովքեր տարիներ շարունակ ուսումնասիրում են պլացեբոյի էֆեկտը, երբ հիվանդն ինքն իրեն ներշնչում է, որ դեղ է խմում և կազդուրվում: Անմասն չեն մնացել նաև տեղական բժիշկները` հիվանդանոցներից մեկում հիվանդին ներշնչել են, որ նրա կույրաղիքը հեռացվել է, սակայն իրականում ոչ մի վիրահատություն չի արվել: «Պատկերացնու՞մ եք` որքան գումար կարելի է խնայել առողջապահության ոլորտում, եթե կանգ չառնենք ու շարունակենք այս փորձերը: Պատկերացնու՞մ եք` որքան բարձր դիմադրողականություն ունեցող սերունդ մենք կունենանք 15-20 տարի անց», — ամփոփեց Մեցիտյանը:
Դեղատների «42.1» ցանց, Տուֆտաֆերացիլին 😀
«Հիվանդներ առանց սահմանների» ՀԿ նախագահ Լևոն Մեցիտյան ))))
Դեղատների «42.1» ցանցի տնօրեն Աբո Պրոֆենյան ))))
էս ձեզնից չէր,հեչ հաջող հոդված չի
չիշիկ խմելն էլ ա բարձրացնում i bet.