Նոյեմբերի 1-ից երկրի ամբողջ տարածքում ռուսաց լեզու պարապող կրկնուսույցները կբարձրացնեն պարապմունքների ամսական վարձը: Երկար ժամանակ Հայաստանում առարկան մղվել էր երկրորդ պլան` իր կարևորությունը զիջելով ավելի թրենդային առարկաներին` անգլերեն, տնտեսագիտություն, սակայն Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը կրկին կարևորեց ռուսերենի իմացությունը: «Бу-га-га, бгаааа! …կներեք: Այո, ռուսերենը վերադառնում է իր հին ու բարի առաջնային տեղը, մենք էլ բնականաբար չենք կարող չարձագանքել շուկայի պահանջին. ռուսացի պարապմունքը կարժենա նույնքան, որքան անգլերենինը», — նշեց ռուսաց լեզվի մասնագետ Իրինա Համազասպովնան: «Վերադառնում ա իր ամբողջ զինանոցով` հայ աշակերտների գլխավոր թշնամի Ы տառով, тся և ться վերջավորություններով և, իհարկե, դաժանագույն Ъ տառով», — հրճվանքը չթաքցնելով հավելեց Իրինա Համազասպովնան:
Դպրոցում անվճար դասավանդվող ռուսերենը ԵՏՄ ինտեգրման արդյունքում չի փոփոխվի և կշարունակի մնալ կայուն վատ: Ուսուցչուհիները սա բացատրում են ռուսերեն հեռուստաալիքների առկայությամբ. «Երեխաները մեկա էդ կինոները ռուսերեն են նայում, ի՞նչ պետք է իրանց սովորեցնեմ ես, որ չի սովորեցնի Перебозчик կամ Форсаж ֆիլմը», — ասում է ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Դրաստամատովնան: Դպրոցներում ռուսերենի ուսուցման որևէ նոր մեթոդաբանություն չի կիրառվի, այլ կշուրանակվի ներկայիս ռազմավարությունը. «Մենք ամեն տարի մեկ դասարան հետ ենք գցում Евгений Онегин ստեղծագործության ուսումնասիրությունը: Եթե անցած տարի այն անցնում էին 9-րդ դասարանում, այս տարի այն արդեն անցնում են 10-րդում, և այդպես շարունակ», — բացատրեց Մարինա Դրաստամատովնան:
Թանկացումը արդեն դժգոհություն է առաջացրել աշակերտների շրջանում, փոքրիկ Բրյուսովներն ու Բելինսկիները պահանջում են իջեցնել Մեծն և Հզոր ռուսացի գները: «Սվետլանա Հայկարամովնան արդեն ինձ ասել ա, որ գնամ վարկ վերցնեմ, իսկ ես դեռ ունեմ «անգլի» ու «ՎՏ»-ի վարկեր», — բողոքեց միավորված դպրոցականների լիգայի նախագահ Սամվել Մեհրաբյանը: Նա սպառնաց, որ եթե ոչ մի բան չփոխվի, աշակերտները կսկսեն ինքնուրույն սովորել առարկաները, իսկ դա կհանգեցնի Հայաստանի ամբողջ կրթական համակարգի կոլապսի:
Դրամաստատովա Կանայանը
Перебозчик
Podumayesh! 🙂