Press "Enter" to skip to content

Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Դարթ Վեյդերը

«Միասին կառուցէնք բարէկէցիկ Գէղարքունիք»
«Միասին կառուցենք բարեկեցիկ Գեղարքունիք»

ԵՐԵՎԱՆ — Հայաստանի ևս մեկ մարզում մարզպետի նշանակումը առաջացրել է սկանդալ ԶԼՄ-ներում: Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը հասարակության մի զանգվածի կարծիքով ունի մութ անցյալով, ինչի մասին վկայում են նաև վերջին տասը տարիների աղմկահարույց իրավիճակները, որոնցում հայտնվել է նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով երկուշաբթի Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Դարթ Վոլոդյայի Վեյդերը: Նշանակումից անմիջապես հետո ելույթ ունենալով հանրապետականների համաժողովին Վեյդերը խոստացել է ոտքի կանգնեցնել մարզը:

«Մեր առաջնահերթությունը լինելու են սոցիալական ծրագրերը և աշխատատեղերի ստեղծումը: Արդեն ունենք որոշակի պայմանավորվածություններ փոքր ու միջին ձեռնարկությունների խթանման համար, որոնք, կարծում եմ, զարկ կհաղորդեն մարզի տնտեսական դինամիկային», — իր խոսքի մեջ նշել է նոր մարզպետը:

Երկու տարի առաջ յութուբում հայտնվել էր տեսանյութ, որտեղ Վեյդերը լազերային թրով հարձակում է գործում պատահական անցորդների վրա` վնասելով մի քանի հոգու: Իսկ դրանից մի քանի ամիս առաջ, ըստ հավաստի աղբյուրների, նա ոչնչացրել էր մի երիտասարդ մոլորակ հարևան գալակտիկայում: Իշխանությունները սակայն պնդում են, որ տեսանյութը կեղծ է և որոշ ուժերի քաղաքական պատվեր:

«Մեզ պետք էն փորձառու մասնագետներ»
«Մեզ պետք են փորձառու մասնագետներ»

Հասարակական մի շարք կազմակերպություններ և ակտիվիստներ դատապարտել են մարզպետի նշանակումը` նկատելով, որ նման անցյալ ունեցող անձը չպետք է զբաղեցնի բարձր պաշտոն: «Հայաստանն առանց Վեյդերի» նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Չախունցը նշեց, որ ժողովուրդը պահանջում է մարզպետի հրաժարականը:

«Ամբողջ մարզը դեմ է այդ նշանակմանը: Մենք իհարկե հասկանում ենք, որ նա ունի լուրջ կազմակերպչական և ղեկավարման փորձ, բայց դա բավական չէ: Ինչպե՞ս կարելի է մարզպետ նշանակել մի մարդու, որ անցած տարի Վարդենիսի գինու փառատոնին բոլորի աչքի առաջ չափալախեց վաճառողներից մեկին», — նշում է ակտիվիստը:

Իշխանությունը պնդում է, որ սկանդալը չափազանցված է: ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը բացատրում է նշանակումը. «Պարոն Վեյդերը շատ փորձառու և խելամիտ առաջնորդ է: Նա ՀՀԿ խորհրդի անդամ է, և ես խնդիր չեմ տեսնում այս նշանակման հետ… ենթադրաբար: Ում էլ նշանակեինք, ընդդիմությունը պետք է քննադատեր… դա լուրջ չի»:

Ի դեպ, այս տարվա սկզբին Վեյդերը ստացել է լեզվաֆիզիկական գիտությունների դոկտորի կոչում:

 

9 Comments

  1. Միքայել Հ. via Facebook Միքայել Հ. via Facebook 16/10/2014

    մի այլ կարգի բացում եք 😀

  2. Aida Kazaryan via Facebook Aida Kazaryan via Facebook 16/10/2014

    Докторнерн иренц докторакан бнагаварум тхасен?

  3. Զարմանալ պետք չէ, այսօր Հայաստանում շատ են մութ անցյալ և մութ ներկա ունեցող իշխանավորները:Մականուն, գողական անցյալ, մարդասպան, եթե ունես սրանք, ուրեմն կարող ես լինել նախագահ, պատգամավոր, նախարար ու վարչապետ: Իրենք մտածելու բան չունեն, թրի առաջն էլ կկտրի, հետևն էլ, թող մտածի ազգը, որ այսքան տարի հանդուրժում է այսպիսիների ներկայությունը երկրում:

  4. Հմայակ Մարտիրոսյան via Facebook Հմայակ Մարտիրոսյան via Facebook 16/10/2014

    Այո, ես սպասում էի իրադարձությունների այսպիսի հանգուցալուծմանը: Ես նրա հետ մեծ հույսեր եմ կապում: Ի վերջո՝ Գալուստ Սահակյանը դեմ չէ, սա ամենակարևոր տարրն է 😀

Մեկնաբանությունները փակ են.