Press "Enter" to skip to content

Սյունիքի մարզպետը կոչ է անում բնակչությանը իրեն ընկալել որպես լավ, բարի մարդ

«Ես արդեն հինը չեմ... արդեն լեզվափիլակ.. չէ, ո՞նց էր.. մի խոսքով գիրք-միրք եմ կարդացել», - մարզպետ:
«Ես արդեն հինը չեմ` արդեն լեզվափիլական.. չէ, ո՞նց էր.. մի խոսքով գիրք-միրք եմ կարդացել», — մարզպետ:

ՍԻՍԻԱՆՍյունիքի նորանշանակ մարզպետը կոչ է արել մարզի բնակչությանը վերանայել վերաբերմունքը իր հանդեպ: Մարզպետի գրասենյակը հրապարակել է հետևյալ հաղորդագրությունը. «Խնդրում ենք մարզի բնակիչներին դադարել տոտալ ատելությունը պարոն Խաչատրյանի նկատմամբ, այլապես կարող են ֆիզիկապես տուժել բնակիչների բարեկամներն ու հարազատները», — նշված է հաղորդագրության մեջ:

Ամբողջ հանրապետությունում սկսվել է լայնամասշտապ փիառ ակցիա, որի նպատակն է առավել բարենպաստ լույսի տակ ներկայացնել նոր մարզպետին: Նախ լրագրողների հետ հանդիպեց հենց մարզպետը, որը հանդիպման ընթացքում ակնհայտորեն փորձում էր ժպտալ: Լրագրողների պնդմամբ` երկու անգամ դա իրոք հաջողվեց:

Այդ հանդիպման ընթացքում նոր մարզպետը բացատրեց, որ պատմության մեջ շատ ավելի վատ դեպքեր են եղել: «Ասենք, նույն Հիտլերը.. ինձանից հո վատն էր: Կամ էն Իտալացի մեյմունը` Մուսոլինսկին.. դե, ասենք, հա, Հիտլերից վատը չէր, բայց ինձանից հո վատն էր, զուտ համեմատաբար», — բացատրեց մարզպետը:

Մեր նպատակն է սիրով լցնել բնակիչներին նոր մարզպետի նկատմամբ: Ախր չի կարելի այդքան բացասական լիցքերով ապրել: Մի քիչ պետք է սրտաբաց լինել, մեծահոգի, բարի: Ի վերջո, մի բուռ հայ ենք..
«Մեր նպատակն է սիրով լցնել բնակիչներին նոր մարզպետի նկատմամբ: Ախր չի կարելի այդքան բացասական լիցքերով ապրել: Մի քիչ պետք է սրտաբաց լինել, մեծահոգի, բարի: Ի վերջո, մի բուռ հայ ենք..», — բարեգործական հիմնադրամի տնօրեն

Լրագրողներին բաժանվեցին ցուցակներ, որտեղ նշված էին այն մարդիկ, ովքեր ավելի վատն են, քան Սուրիկ Խաչատրյանը: «Դե Հիտլերը արդեն ասեցի: Դա ակնհայտ ա, որ ավելի վատն էր: Հրեաներին միլլիոններով ոչնչացնում էր.. Հետո.. ասենք, բանը.. Արաբական արշավանքը` էլի ինձանից հո վատ բան էր», — մանրամասնեց ցուցակը:

Ցուցակում նաև նշված էր թոքերի քաղցկեղը, էբոլա վիրուսը, պոլիոմելիտը և «Ալցհեյմերի» հիվանդությունները` որպես «շատ ավելի վատ բաներ, քան նոր մարզպետը»:

Միաժամանակ Սուրիկ Խաչատրյանը բացել է բարեգործական հիմնադրամ, որը ևս օգնելու է ամրապնդել բնակչության վստահությունը և համակրանքը մարզպետի հանդեպ: Հիմնադրամի միջոցները կուղղվեն Խաչատրյանի ղեկավարումից տուժած բնակիչներին կամ (եթե արդեն ուշ է) նրանց հարազատներին:

Իշխանությունները ակնկալում են, որ մինչև գարուն ատելությունը կարող է փոխարինվել մեղմ զզվանքով, իսկ արդեն ամռան կողմ` կայուն հակակրանքով:

7 Comments

  1. David Hovhannisyan via Facebook David Hovhannisyan via Facebook 09/10/2014

    Բաա, ախր ինքը ձեր լավն է ուզում՝ ձեր լավը :))

  2. Lusine Dallakyan via Facebook Lusine Dallakyan via Facebook 10/10/2014

    это выше моих сил, ржу не могу

Մեկնաբանությունները փակ են.