Press "Enter" to skip to content

Որքան ժամանակ են վատնում Ֆեյսբուքում պաշտոնյաները

Ադիբեկյան
Արագորն Ադիբեկյանի հետազոտությունը հուսադրող է

«Socium Armenicus» սոցիոլոգիական կենտրոնը այսօր հրապարակեց իր վերջին հետազոտությունը, համաձայն որի` 2014թ.-ից սկսած ժամանակ վատնելու համար պաշտոնյաների 63%-ը արդեն նախընտրում է ոչ թե Odnoklassniki, այլ Facebook:
«Սա միանշանակ դրական շարժ է. մենք տեսնում ենք ձգտում դեպի արևմտյան արժեքներ», — բացատրեց կենտրոնի նախագահ Արագորն Ադիբեկյանը: Նրա կարծիքով` Ֆեյսբուքում մշտական գրանցում ունեցող պաշտոնյան ավելի քիչ հավանականությամբ մարդ կծեծի կամ կընդունի կատարյալ անհեթեթ որոշում: «Սա չի նշանակում, որ հիմարագույն նախաձեռնությունները կվերանան, ամենևին, բայց, որ հանուն լայքերի կփորձեն մի քանի լավ բան էլ անել` դա միանշանակ», — հավելեց Ադիբեկյանը: Նրա պնդմամբ սոցցանցերում միջին վիճակագրական պաշտոնյան արդեն անց է կացնում 3անգամ ավելի շատ ժամանակ քան 5 տարի առաջ:

Screen Shot 2014-10-06 at 4.17.12 PM
Վարդանյան. «ամեն պաշտոնյայի պետք է վերջին մոդելի iPad տրամադրել»

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով` պաշտոնյաների` աճող համակարգչային կախվածությունը մի քանի այլ դրական կողմեր էլ ունի: «Ամբողջ օրը ինտերնետում անցկացնող պաշտոնյան ուղղակի ֆիզիկապես չի հասցնի բուռն գործունեություն ծավալել: Իսկ որքան քիչ գործունեություն, այնքան քիչ վնաս: Որքան քիչ վնաս, այնքան քաղաքացին կշնչի ու իր գլխի ճարը կտեսնի», — ասում է քաղաքագետը: Պարոն Վարդանյանի տեսակետը հաստատում են «Socium Armenicus»-ի` ավելի վաղ արված հետազոտությունները, որոնք նաև մի քանի հետաքրքիր զուգադիպություններ են ի հայտ բերում: Մասնավորապես` կարմիր գծերի մասին տխրահռչակ որոշումը կայացվել է ժամանակահատվածում, երբ Վրաստանում բոլորին հայտնի տատիկը կրկին ինտերնետային մալուխ էր վնասել: Երեք օր առանց ինտերնետ կապի մնացած քաղաքապետարանը ստիպված էր ունենալ քննարկումներ, մտագրոհներ և, ի վերջո, ընդունեց այդ որոշումը: Նմանատիպ համընկնում արձանագրվել է մեկ տարի առաջ կառավարությունում, երբ վիրուսների պատճառով համակարգիչները տոտալ անսարքության էին մատնվել, առաջ քաշվեց կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասին կիսասահմանադրական օրինագիծը:

Հետազոտության հրապարակումից րոպեներ անց ժողովրդի մեջ սկսեցին կազմվել կամավորականների ջոկատներ, ովքեր պատրաստ են վճարել պաշտոնյաների արագ ինտերնետի համար: «Թող ամենաարագ ինտերնետը ունենան, թող HD վիդեոներ նայեն, MMORPG խաղեր խաղան, մենակ թե գործ չանեն», — ասում է առաջին կամավորական ջոկատի նախաձեռնող Կարենը, 35 տարեկան. «Ափսոս հաշիվներ սառեցնելու որոշումից առաջ չֆայմեցինք սենց մի բան անել»:

2 Comments

  1. «Ամբողջ օրը ինտերնետում անցկացնող պաշտոնյան ուղղակի ֆիզիկապես չի հասցնի բուռն գործունեություն ծավալել: Իսկ որքան քիչ գործունեություն, այնքան քիչ վնաս: 😀 😀

Մեկնաբանությունները փակ են.