ArmComedy-ի հատուկ թղթակցի հարցազրույցը Թևոս Ցրողյանի հետ
-Պարոն Ցրողյան, ի՞նչ գործառույթներ է կատարում Ձեր վարչությունը
-Մհեր, այս վարչությունը ստեղծելու գաղափարը առաջացել է շատ վաղուց: Մեր առաջնային նպատակն է երևանցիներին ինչքան հնարավոր է հեռու պահել քաղաքապետարանի պաշտոնյաներից. սա կօգնի մեր պաշտոնյաներին հնարավորինս պահպանել խորհրդավորության և անհասանելիության իմիջը, ինչը շատ լավ է փիառ տեսանկյունից… համ էլ դե առիթավորվողներ շատ կան էլի…
-Այսի՞նքն
— Դե ինչքան թափանցիկ ես աշխատում, էդքան մարդիկ սկսում են ավելի շատ բողոքներ ներկայացնել, ինչ-որ լուծումներ պահանջել ստեղծված խնդիրների համար: Այս ամենը կարող է խանգարել քաղաքապետարանի բնականոն աշխատանքին: Էլ չեմ ասում էն յազվա լրագրողների մասին. քաղաքում 1 միլիոնից ավել մարդ ա ապրում, բայց հարցազրույց վերցնելուց չգիտես խի մենակ մեզ են հիշում:
-Իսկ ի՞նչ մեթոդներ եք կիրառում խոչընդոտ հանդիսանալու գործում
-Մեր թիմը երկար տարիներ աշխատել ու մշակել է տարբեր մեթոդներ: Սկզբում ուզում էինք ստիպել, որ մարդիկ, մինչև իրենց ուզած պաշտոնյայի հետ կապ հաստատելը, անցնեին 10 փորձությունների միջով. առյուծ խեղդեին, ախոռներ մաքրեին, ոսկե խնձորներ գողանային, բայց տղերքից մեկը ասեց, որ այս մեթոդը արդեն կիրառվել է, եթե չեմ սխալվում, Հին Հունգարիայում, և այդքան էլ արդյունավետ չէ: Հետո ուզում էինք մարդկանց 15 հարց տալ, որոնք գնալով կդժվարանային, բայց պարզվեց դա էլ է կիրառվում. ինչ-որ հաղորդում կա, դրա մեջ:
— Իսկ հիմա ի՞նչ մեթոդով եք աշխատում, պարոն Ցրողյան
— Հիմա մենք կիրառում ենք մեր առաջատար մասնագետների կողմից մշակված նորագույն մեթոդը` զանգացրումը: Պատկերացրեք ինչ-որ մեկը իրեն հուզող հարցով զանգահարում է քաղաքապետարան և խնդրում կապ հաստատել որևէ պաշտոնյայի հետ: Մենք նրան տալիս ենք կողքի բաժնի հեռախոսահամարը, որտեղից նա պետք է թույլտվություն ստանա, որ զանգահարի մեզ, այնուհետև մենք նրան թույլտվություն տանք, որ նա զանգահարի քարտուղարություն, որտեղ նրան թույլ կտան մեր էլ. փոստին նամակ-դիմում գրել, որտեղ նա թույլտվություն է խնդրում զանգահարելու համար:
-Իսկ ե՞րբ եք տալիս այդ թույլտվությունը
— Դե եսիմ, Մհեր ջան, եթե օրվա հերթապահը կոմպետենտ է և հիշում է էլ. հասցեի գաղտնաբառը, հնարավորինս ուշ:
-Իսկ այս մեթոդը գործու՞մ է
— Այո, իհարկե: Մեր տեղեկություններով մի քանի դիմողների մոտ այս պահանջները իմանալուց հետո քթից արնահոսություն է սկսվել, իսկ մի լրագրող նույնիսկ դիմել է հոգեբույժի: Բայց մենք կանգ չենք առնում, և այժմ էլ մեր մասնագետները մշակում են էլ ավելի արդյունավետ մեթոդներ: Հաջորդ տարի պլանավորում ենք քաղաքապետարանը ցանկապատել փշալարերով և հոսանք քաշել դրանց մեջ, որպեսզի պաշտպանվենք նաև հետիոտն դիմողներից, այնպես որ սպասեք նորանոր անակնկալների:
բավականին համապատասխանում է իրականությանը
Լավն եք,հո զոռով չի
Lavn er vonc vor misht!!!!!!!)))))))))))))))))