ԲՐՅՈՒՍԵԼ – Քեթրին Էշթոնը` Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության պատասխանատուն, խիստ քննադատել է բանտարկված հանցագործների փոխանցումը Բուդապեշտից Ադրբեջան և Հայաստան: Եվրոպացի պաշտոնյան կոչ արեց ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ ավելորդ սադրանքներից և ընդհանուր առմամբ համը չհանել:
«Մենք շատ մտահոգված ենք այն հանգամանքով, որ Հայաստանի և Ադրբեջանի զինվորները միմյանց կացնահարում են քնած ժամանակ ու այլ փնթիություններ են անում: Ցավում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հասկանում կամ սխալ են մեկնաբանում եվրոպական արժեքները: Ի տարբերություն հայերի ու ադրբեջանցիների, մենք` եվրոպացիներս, միմյանց կացնահարելու փոխարեն հարցերը լուծում ենք խոսալով ու փոխզիջման գալով: Հույս ունեմ, որ հայերը ադրբեջանցիները և, ինչու ոչ, վրացիները կհասկանան այս հասարակ տրամաբանությունը,» – նշեց Էշթոնը:
ԵՄ-ի արձագանքը դժգոհություններ առաջացրեց Հայաստանում` մի կողմի մեղքը երկու երկրներին վերագրելու պատճառով: Հայաստանի ԱԳՆ խոսնակը նշեց. «Բնականաբար եվրոպացիները գիտեն… ամեն ինչ և մի բան էլ ավել: Սակայն մենք գրեթե համոզված եք, որ Սաֆարովի պատմության մեջ միայն մեկ երկրի զինվոր էր կացնով հարձակվել քնած մադրու վրա և այդ մարդասպանը, եթե չեմ շփոթվում, մեր համազգեստով չէր»:
Հայաստանի արձագանքը եվրոպացի պաշտոնական և դիվանագիտական օղակներում առաջացրեց հայրական ժպիտ: Եվրադիվանագետները բացատրեցին, որ ցանկացած քննադատություն կամ գովասանք, համաձայն միջազգային էտիկետի կանոնների, պետք է ուղղվի հակամարտության երկու կողմերին: «Ախր դա դիվանագիտության այբբուբենն է. եթե դատապարտես միայն մեկ կողմին, ապա մյուսը կարող է նեղանալ, իսկ դա կարող է փչացնել մեր հարաբերությունը այդ կողմի հետ, ինչը կդժվարեցնի երկխոսությունը և կարող է խափանել գազի մատակարարումը,» – բացատրեց անանուն եվրոպացի դիվանագետը բարոյախրատական ժպիտով:
Էշթոնի հայտարարությունից քիչ անց ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտող Ռամիլ Սաֆարովի հանձնումը և ազատ արձակումը: Եռանախագահները կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին ազատ չարձակել քնած ժամանակ մարդ սպանած սառնարյուն մարդասպաններին, ինչը անհանգստացնում է ԵԱՀԿ-ի ղեկավարությանը:
ԵԱՀԿ-ն նաև քննադատեց Հայաստանին և Ադրբեջանին մարդասպանների ազատման վրա միլիարդավոր նավթադոլարներ ծախսելու համար: «Նավթային արդյունաբերությունից ստացված միլարդները կարող են գայթակղություն ստեղծել կաշառելու եվրոպական քաղաքական գործիչներին և առանձին կառավարություններ, սակայն ճիշտ չէր լինի տրվել այդ գայթակղություններին: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել այդ նավթադոլարները հակամարտության լուծման վրա,» – նշվում է ԵԱՀԿ Օմսկի խմբի հայտարարության մեջ:
Սկանդալի զարգացման ընթացքում որոշ երկրներ կարողացան հստակ ուղերձներ արտահայտել: Մասնավորապես, ԱՄՆ-ը ի վիճակի եղավ հանդես գալ որպես աննախադեպ պլոճիկով երկիր և հստակ դատապարտել Ադրբեջանի քայլը, ինչպես նաև պահանջել բացատրություններ Հունգարիայից:
Չնայած Ռուսաստանը ևս դատապարտեց Ադրբեջանի քայլը, սակայն վերջին խոսքը պատվիրակեց ԵԱՀԿ Մինսկի ժողովրդին, որը ի վերջո կոչ արեց երկու երկրներին միմյանց չկացնահարել Բուդապեշտում, կամ կացնահարելու դեպքում գոնե 16 անգամ չզարկել, քանի որ դա վտանգում է տարածաշրջանային կայունությունը և գցում եվրոպացիների տրամադրությունը:
Չնայած պատմությունը դեռ շարունակվում է, Հայաստանը հիշեցրել է ԵՄ-ին, որ տարածաշրջանային անվտանգությունը կախված է նաև Եվրոպայում տեղի ունեցող ժողովրդական գործընթացներից և կոչ արեց եվրոպական երկրներին արդար դատաքննություն ապահովել Միխայիլ Խոդորկովսկու համար: