Press "Enter" to skip to content

Ընդդիմությունը արտահերթ խաչապուրի է պահանջել ԱԺ բուֆետում

Ընդդիմությունը բարձրացնում է արտահերթ խաչապուրիի հարցը

ԵՐԵՎԱՆ — Երեկ կայացած Ազգային ժողովի 5-րդ համագումարը բոյկոտեց Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը. որպես բողոքի նշան պատգամավորները հավաքվեցին ոչ թե նիստերի դահլիճում` այլ բուֆետում: Ականատեսների վկայությամբ հասարակ լանչը վերածվեց հերթական բողոքի ցույցի, երբ պատգամավոր Լևոն Զուրաբյանը արտահերթ խաչապուրի պահանջեց:
«Կարծում եմ արտահերթ խաչապուրին ամենփոքր զիջումն, որ պահանջում ենք իշխող ստվերախավարային ռեժիմից, քանի որ երկար տարիներ ընտրություններ կեղծելով են նրանք կարողացել  ընդդիմությանը դուրս պահել Ազգային ժողովից և մենակ-մենակ են վայելել այս հիասքանչ խաչապուրին: Հիմա 10 տարի էլ արտահերթ օգտվենք խաչապուրիից միևնույնն է` քիչ կլնի», — պնդեց Լևոն Զուրաբյանը:

Կ. Մանոյան. «Խմորը շատ փխրուն ա ստացվում»

Ազգային ժողովի բուֆետից օգտված պատգամավորները վստահեցնում են, որ խաչապուրին իրոք չափազանց համեղ է: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կիրո Մանոյանը զգոնության կոչ է անում, — «Իրոք մի այլ կարգի համով ա խաչապուրին: Պանրի ճիշտ համամասնություն ա, շատ աղի չի, մի փոքր կարմրած աննկարագրելի խաչապուրիներ են: Բայց պետք չի խաչապուրին կռվախնձորի վերածել, հերթը կհասնի` կվերցնեք: Ցնցումները կարող են խափանել բուֆետի բնականոն աշխատանքը ու արդյունքում ոչ մեկիս էլ չի հասնի խաչապուրի: Հասկանում ենք ՀԱԿ-ին, մենք էլ ենք ժամանակ առ ժամանակ ընդդիմություն եղել, բայց հիմա արտահերթի ժամանակը չի»:

Իշխող կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ՀԱԿ-ը պետք է առնվազն մի քանի շաբաթ զերծ մնա բուֆետ այցելելուց` «Ռեժիմի խաչապուրին միշտ էլ համեղ է: Քանի իրանք չէին ընտրվել, մենք վատն էինք, ամեն ինչ վատ էինք անում, հիմա եկան ու սիրահարվեցին հանրապետական խաչապուրիի վրա: Ես որոշակի ցինիզմ եմ տեսնում սրա մեջ: Մի կերեք մեր խաչապուրին, ի սեր Աստծո` ոչ արտահերթ, ոչ հերթական: Ձեր տանը թխեք, ձեր հետ բերեք»:

Ականատեսների խոսքերով արտահերթ խաչապուրի վերցնելուն դեմ են արահայտվել անգամ Բարգավաճ Հայաստանի գործընկերները: «Իմ անձնական կարծիքով, սա կուսակցության կարծիքը չէ, ՀԱԿ-ի արտահերթ խաչապուրի պահանջելը ժամանակավրեպ է: Գիտեք ես Վրաստանում բազմիցս եմ եղել արտգործնախարար ժամանակ, և մեզ հյուրասիրել էն ամենահմուտ խոհարարների խաչապուրին: Ասեմ ձեզ, ղալաթ ա արել մեր բուֆետի խաչապուրիի դեմ»: Լրագրողների հարցին, արդյոք այդ խաչապուրին հավանում էր Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը պատասխանեց` «Ի՞նչի են Քոչարյանի հետ կապված հարցերը միշտ ինձ տալիս: Հիմա էլ մեկ-մեկ վերցնում եմ ստեղից, տանում եմ իրենց տուն, միասին համտեսում ենք, բայց հստակ ասել հավանում է թե չէ, ես չեմ կարող: Իրեն հարցրեք»:

Մեր աղբյուրների պնդմամբ  խաչապուրիից արտահերթ օգտվելու նապատակով ՀԱԿ-ը դիմելու է Սահմանադրական դատարան` «Անընդհատ մերժում են մեր հայտերը, բոլոր նախաձեռնությունները, բայց մենք մաքսիմալիստ չենք` գոնե կամաչեն և էս մի հարցում ընդառաջեն ընդդիմությանը, — հավելեց պատգամավոր Զուրաբյանը ,- եթե ոչ` կքննարկենք նաև հերթական խաչապուրիներ ձեռք բերելու տարբերակը»:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

4 Comments

  1. Eva Umbenannt via Facebook Eva Umbenannt via Facebook 01/06/2012

    идиоты

  2. Davit Mnatsakanyan via Facebook Davit Mnatsakanyan via Facebook 01/06/2012

    lavna

Մեկնաբանությունները փակ են.