Press "Enter" to skip to content

ՀՀԿ-ն վստահեցնում է, որ ԲՀԿ-ն հանցավոր ռեժիմի կարևոր մասն է

«Հանցավոր ռեժիմը մեծ ընտանիք է, որի մի մասնիկն է նաև ԲՀԿ-ն», - Շարմազենկո

ԵՐԵՎԱՆ – Երկուշաբթի ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն հայտարարեց, որ ժամանակն է ՀԱԿ-ը քննադատի նաև ԲՀԿ-ին` որպես իշխանության մաս: Իշխող կոալիցիայի հիմնական ուժը հիշեցնում է, որ «հանցավոր ռեժիմ» տերմինը պետք է վերաբերի ոչ միայն ՀՀԿ-ին, այլև բոլոր կոալիցիոն անդամներին:

«Դա պարզապես ազնիվ չէ… Ախր ԲՀԿ-ի հետ հավասար օգտվել ենք վերջին տասը տարվա ալան-թալանից, մենաշնորհներից… Ինչու՞ չեն իրենց հիմա քննադատում մեզ հետ: Լավ գոնե թեթևի մեջ մի քանի թթու խոսք իրենց էլ ասեն», –ասաց ՀՀԿ խոսնակը:

Հանրապետականները կոչ են անում լրատվամիջոցներին որպես չարիք ներկայացնել իրենց կոալիցիոն գործընկերներին ևս: «Հա, փառք Աստծո, Օրինացին էլի հավեսով քլնգում են, բայց էդ, մեկ ա, էն չի… Ծառուկյանին մենք տվել էինք բոլոր հնարավորությունները մեզ հետ հավասար թալանելու երկիրը, բայց հիմա իրեն ոչ մեկ չի հիշում այդ դերում…», – հավելեց Շարմազենկոն:

«ԲՀԿ-ի մոտ դասական 'Հելսինկյան սինդրոմ' էր, որտեղ ՀՀԿ-ն նրանց ենթագիտակցաբար պարտադրվում էր ընկերություն անել», - Զուրաբյան»

Ընդդիմությունը շարունակում է կենտրոնանալ հիմնականում ՀՀԿ-ի վրա` պարբերաբար ստորացնելով նաև ՕԵԿ-ի առաջին դեմքերին: ՀԱԿ-ը համակարգող Լևոն Զուրաբյանը բացատրում է ընդդիմության մոտեցման առանձնահատկությունը ԲՀԿ-ի նկատմամբ.

«Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն հավասարապես կիսում է իշխանության պատասխանատվությունը: Նրանք ավելի շատ եղել են ՀՀԿ-ի պատանդը և ստիպված են եղել մասնակցել ալան-թալանին` այն էլ շատ սիմվոլիկ կերպով»:

ՀԱԿ-ի կարծիքը նաև կիսում են բուն ԲՀԿ-ում, որտեղ վստահ են, որ ժողովուրդը վերջապես սկսել է գիտակցել, որ Բարգավաճը ի սկզբանե եղել է լատենտ ընդդիմադիր ուժ, որին պարզապես հարմար առիթ էր պետք իր ընդդիմադիր էությունը բացահայտելուհամար:

«Բարգավաճ Հայաստան» -ի ղեկավարությունը ևս կիսեց ՀԱԿ-ի բացատրությունը այս հարցում: ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն միշտ եղել է կոալիցիոն ամենաըմբոստ անդամը:

«Մենք ՀՀԿ-ից անհամեմատ քիչ ենք թալանել բյուջեն», - Գալստյան

«Դուք պետք է տեսնեիք, թե ինչպես էինք մենք նեղվում` այդքան տարի մասնակցելով այդ հանցավոր ռեժիմի կազմակերպած թալանին: Ավելին, մեր կուսակցությունը միշտ փորձում էր թալանել հնարավորինս չզռռացող կերպով և այնպիսի ոլորտներից,որոնք ամենաքիչն են ազդում քաղաքացիների կենսամակարդակի վրա` առողջապահություն, սպորտ և այլն», – նշեց ԲՀԿ խոսնակը:

Չնայած ընդդիմադիր դաշտից հնչած փաստարկներին` Հանրապետականը շարունակում է կոչ անել ժողովրդին դիտարկել ԲՀԿ-ն որպես ռեժիմի մի մաս: Հանրապետական Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ ԲՀԿ-ն միշտ եղել է ռեժիմի հոգին ու սիրտը:

«Սենց նստում էինք, միմյանց անեկդոտներ էինք պատմում, ուտում-խմում ու վերջում պարզվեց, որ մեր հետ կապ չունեն…, –նշում է Սահակյանը ,-Կարծում եմ` դա կոռեկտ չի` հաշվի առնելով, որ մենք միասին ենք անուշ արել գումարներ թե բյուջեից, թեարտաբյուջետային գոծընթացներից: Իրենց օլիգարխներին թողել ենք նույնքան ծնկի իջեցնեն տնտեսությունը, ինչպես և մերոնք են արել»:

Չնայած այս հարցի շուրջ բանավեճը դեռ շարունակվում է, սակայն ԲՀԿ-ն հայտարում է, որ վճռականորեն շարունակելու է պայքարել «թաթար-մոնղոլոկան այս ապօրինի վարչախմբի դեմ»:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

2 Comments

  1. Armen Arzumanyan via Facebook Armen Arzumanyan via Facebook 23/04/2012

    bomba

  2. ARMENIA ARMENIA 24/04/2012

    LAVNA !

Մեկնաբանությունները փակ են.