Press "Enter" to skip to content

ՀՀԿ-ն կոչ է անում ընդդիմությանը կենտրոնանալ իշխանության դեմ պայքարի վրա

Շարմազենկո. «Ընդդիմությունը փորձում է շեղել ուշադրությունը ՀՀԿ-ից` միմյանց վրա ցեխ շպրտելով»:

ԵՐԵՎԱՆ – Նախընտրական պայքարի շեմին իշխանությունները հանդես են եկել կոչով` չմոռանալ, թե ով ում դեմ է այս ընտրություններում: Հանրապետականները սթափության կոչ են արել իրենց ընդդիմադիր գործընկերներին` կենտրոնանալ իշխանության դեմ պայքարի վրա:

Վերջին շրջանում ՀԱԿ-Ժառանգության միջև ծավալված հակասությունները լուրջ խանդ են առաջացրել մի շարք իշխանական կուսակցությունների մոտ, որոնք զգուշավոր անհանգստություն են հնչեցնում մոռացության մատնվելու կապակցությամբ:

«Մեզ համար զարմանալի և անհանգստացնող է, որ ընդդիմության միմյանց դեմ պայքարի ընթացքում մի տեսակ ստվերվում է իշխանանությունը», — նշում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն: «Չեմ կարծում, որ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից կոռեկտ է մեզ համար նախատեսված ցեխն ու մեղադրանքները վատնել միմյանց վրա: Դա հակասում է ինչպես ձևավորված ընտրապայքարի ավանդույթին, այնպես էլ խափանում է մեր հակադարձելու պլանները»:

Հանրապետականները անհանգստացած են այն հանգամանքով, որ ընդդիմությունը չափազանց արագ մոռացավ ՀՀԿ-ի ցուցակի սրտակեղեք բովանդակությունը և անցավ միմյանց դեմ պայքարի:

«Հասկանալի է, ՀԱԿ-ին ավանդաբար դուր չի գալիս «Ժառանգությունը» և Րաֆֆիի աշխուժությունը քաղաքականության մեջ, բայց ախր.. մեր ցուցակում Գեղամյանն ա, ալյո, հիշու՞մ եք իրեն: Էլ չեմ ասում մյուս արտագաղթի դրդող ազգանունները` Բեգլարյան, Գրիգորյան և այլն.. Այս չալաղաջ թեմաները թողած` ընդդիմությունը փորձում ա հասկանալ Փաշինյանն ա չարիք, թե Րաֆֆին…: Ուղղակի չեմ հասկանում այդ մարդկանց,» նշում է հանրապետական խոսնակը:

Քննադատություններին արդեն արձագանքել են ՀԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք իշխանությանը խորհուրդ են տալիս կենտրոնանալ իրենց միջիշխանական խնդիրների վրա: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը բացատրում է իրավիճակը.

«Ну так вот, ես գրեթե զգում եմ, որ ինչ-որ բան հնարավոր է, որ տեղի է ունենում, բայց թե ինչ կամ ինչպես կամ ում միջոցով` դա կարող է ցույց տալ միայն գուցե ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան»:

«Չեմ կարծում, որ ձևակերպումը կոռեկտ է. ՀԱԿ-ը որպես Հայաստանի միակ ընդդիմադիր ուժ ընդամենը պայքարում է ռեժիմի դեմ, ինչպես նաև ռեժիմի դեմ չպայքարող կամ անհամ ձևով պայքարող ուժերի դեմ,» — պարզաբանում է Զուրաբյանը: «Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա, այո, մասամբ լսել եմ, որ կա այդպիսի ուժ, բայց կարծում եմ բոլորն են հասկանում, որ եթե որևէ ուժ ՀԱԿ-ի հետ չէ, ուրեմն ստրկաբար ջուր է լցնում ռեժիմի ջրաղացին»:

Վերլուծաբանները կարծում են, որ դեռ առկա է որոշակի հավանականություն, որ ընդդիմությունը կարող է պայքարի որոշակի մաս ուղղել իշխանության դեմ, սակայն դրա համար կպահանջվի լուրջ քաղաքական կամք:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեկնաբանում է միջընդդիմական պայքարը. «Ну смотрите, Րաֆֆի Հովհաննիսյանը իրական գլխացավ է մյուս ընդդիմության համար, քանի որ ի տարբերություն նույն ՀՀԿ-ին անսպասելի է և կարող է, օրինակ ընտրարշավի վերջին օրը բարձրանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կտուրը և հայտարարի հացադուլ և ամբողջ ԶԼՄ ուշադրությունը քաշի իր կողմ: Դրա համար ՀԱԿ-ը ստիպված է այս գլխից  չեզոքացնել նրան»:

«Ժառանգությունը»  խոստանում է ևս շեշետը դնել իշխանության դեմ պայքարի վրա արդեն մոտակա շաբաթներին: «Կարծում եմ դեռ վաղ է խոսալ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի դեմ պայքարից, բայց մոտակա շաբաթներից գուցե և հնարավոր լինի պայքարի մեջ ներգրավվել նաև իշխանական ուժեր», — ասել է «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Առայժմ իշխանությունը ևս կենտրոնացած է իշխանական գործընկերներին խորտակելու վրա, սակայն ապրիլի վերջին ակնկալվում է դասական պայքարի վերականգնում և միմյանց վրա ցեխ շպրտելու ավանդական ձևաչափի կարգավորում:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

3 Comments

Մեկնաբանությունները փակ են.