Հայաստանի տարածքում գործող քաղաքական կուսակցությունները հայտարարել են, որ Ազգային ժողովի ընտրությունների շեմին կարող են խոստումների ծավալը և մասամբ որակն ընդլայնել 20-30 տոկսով: Կուսակցությունները արդեն սկսել են հրապարակել ակնկալվող խոստումների ուղղությունը, ոճը և բարելավման առանձնահատկությունները:
Խոստումների ամենա հզոր ալիքը սպասվում է «Օրինաց երկիր» կուսակցությունից, որն ունի վարկանիշի և ռազմատենչ հակակրանքի խնդիր: Կուսակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Մարգարյանի պնդմամբ՝ ՕԵԿ-ի թարմացրած խոստումները դուր կգան նույնիսկ ամենաբծախնդիր ընտրողին:
«Մենք չենք փորձում մարդկանց հիմարացնել տարբեր ճղճիմ և անարդյունավետ խոստումներով, քանի որ 21-րդ դարի ընտրողն այդքան հեշտ չի խաբվում դրանցով: ՕԵԿ-ը շատ ավելի հզոր կառույց է խոստումների հարցում և ունի հմուտ խոստամշակ մասնագետներ և լեզվաբաններ» – ասել է Մարգարյանը:
«Օրինակ՝ ինչպե՞ս կարող է քաղաքացին մեզ չընտրել, եթե խոստանանք, որ կես տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կմեծացնենք 300%-ով, կամ որ «Իքս պյատ» խոստանանք ամեն չափահաս քաղաքացու, կամ որ դասավորելու ենք աշխատանքի և ապահովելու ենք բնակարանով Սիբիրի գեղեցիկ քաղաքներից մեկում: Ի դեպ՝ վերջինը իրական խոստում է»- մանրամասնել է ՕԵԿ-ի անդամը:
ՀՀԿ-ն առայժմ չի ներկայացրել իր խոստազամբյուղի առանձնահատկությունները, սակայն հանրապետականները վստահեցնում են, որ իրենց խոստումները չեն զիջելու ՕԵԿ-ին՝ ո՛չ գրավչությամբ, ո՛չ իրատեսականությամբ:
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, որ 15%-ից ավել խոստումներն ընդլայնելու կարիք իրենք չունեն: «Բնականաբար, մենք ևս ավելի համոզիչ և մարդու քեֆ բերող խոստումների փաթեթով ենք հանդես գալու, բայց վարչական ռեսուրսի պահը չեզոքացնում է ավելի բարդ խոստումներ տալու կարիքը»,– ասել է նա:
«Բարգավաճ Հայաստան»-ը հակիրճ է ձևակերպել իր գալիք խոստումնապնակի ցանկը՝ յուրաքանչյուր քաղաքացու մեկ առյուծ և ամեն ընտանիքի՝ մեկական թիկնապահ:
«Չեմ բացառում, որ խոստումնապաշարը կարող է լրացուցիչ ընդլայնվել ընտրապայքարի վերջին շաբաթվա ընթացքում»,– ասել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ դա կարող է արվել հասարակական պահանջի կամ ընտրազանգվածի կամակորության պարագայում:
Հոգեբան և քաղաքական էնտուզիաստ Կարինե Նալչաջյանը քննադատաբար է մոտենում խոստումների հայտարարված ծավալին: Քաղհոգեբանի կարծիքով՝ բնակչության մոտ կա ավելի «մեծ և լիցքաթափող» խոստումների պահանջարկ, ինչպես նաև «հոգեբանական զգուշացումներ»:
«Ինչու մեծացնել խոստումներն ընդամենը 20-30 տոկոսով, եթե մարդկանց մոտ կա այդքան հիասթափություն և ապաքաղաքական տրամադրություններ: Մարդկանց այսօր խիստ անհրաժեշտ են ավելի ուտոպիստական խոստումներ՝ բարձր աշխատավարձ, Եվրոպայում ամեն ամառ հանգստանալու հնարավորություն և iPhone 4s կամ գոնե Samsung Galaxy»,– բացատրել է հոգեբանը:
«Մյուս կողմից՝ չի կարելի մոռանալ նաև սպառնալիքների հոգեբանական ազդեցության մասին: Կարելի է նաև, չեմ ասում ակնհայտ, բայց թեթև ակնարկել ժողովրդին, որ եթե ձեզ չընտրեն, դա կարող է հանգեցնել ինչ-ինչ դժբախտ պատահարների՝ չընտրողի հարազատների շարքում: Ցավում եմ, որ հայ քաղտեխնոլոգները չեն կիրառում երկրորդ սերնդի ներազդեցության գործիքը՝ հոգեբանությունը»,– եզրափակել է հոգեբանը:
Հայ ազգային կոնգրեսն ընտրել է անհատական խոստումնային մարտավարություն: Լևոն Զուրաբյանն այն բնութագրում է որպես վերջնագրի հետ ոչ մի կապ չունեցող խոստում. «Կա՛մ ժողովուրդը կընտրի ՀԱԿ-ին, կա՛մ տեղի կունենա ՀԱԿ-ի և ժողովրդի վերջնական ջրբաժան: Եթե քաղաքացիներն այդքան ֆայմ ու քթի ծակ չունենան, որ ընտրեն միակ ճիշտ ուժին՝ մեզ, ապա մենք կարող ենք վերանայել ժողովրդի նկատմամբ մեր մոտեցումը»:
Բավական անսպասելի խոստումնահարթակով է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցությունը: «Մենք անկեղծ հիացած ենք մեր գործընկերների աշխատանքով խոստումնաշինության հարցում,– ասել է կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և հավելել:– «Ժառանգություն»-ը միայն խոստանում է անել այնպես, որ մեր գործընկերների խոստումները հնարավոր լինի իրականացնել առանց պիսկելու ՀՀ ֆլորայի և ֆաունայի 90%-ը»:
Դաշնակցությունն էլ պատրաստվում է խոստումների ծավալը համապատասխանեցնել վերջին հինգ տարիների գնաճին՝ 37 տոկոս: «Մեր հիմնական խոստումների շեշտը լինելու է, բացի Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձից, Կիլիկիայի թագավորությունը վերականգնելը»,– ասել է կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:
Խոստումների հարցում և ընտրություններին մասնակցելու հարցում առայժմ չի կողմնորոշվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը չի բացառում ընդդիմադիր ուժերից մեկի խոստումնացանկին միանալը:
Մինչ քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին, աղբյուրները հաղորդում են, որ խոստումների մշակման և զանգվածային խոշորացման աշխատանքներին հրավիրվել են ՀՀ և ԱՊՀ լավագույն լեզվաբանները, որոնց խոստացել են բնակարան, առյուծ, հողեր և այլն:
Այսինքն, զբաղվելու ենք հակապիսկելաճխտիքով…