Press "Enter" to skip to content

Անդրանիկ Նիկողոսյանը կմասնակցի Պուտինի նմանակների մրցույթին

2 կաթիլի պես նման են

Ամեն տարի Լաս Վեգասում անցկացվում է Վլադիմիր Պուտինի նմանակների մրցույթ: Ռուսաստանի նախկին նախագահին նման և ոչ այդքան նման մարդիկ մոլորակի բոլոր անկյուններից հավաքվում են` իրենց ուժերը փորձելու Putin Impersonation Tournament հեղինակավորոտ մրցույթում: Այս տարի Հայաստանը (կամ Ռուսաստանը. մասնակիցը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել) կներկայացնի ԱՊՀ երիտասարդական բարիդրացիականության,  «Ռուսաստան Forever» հասարակական կազմակերպության,  «Անդրանիկը Պուտինին շատ նման է» քաղաքացիական նախաձեռնության և բուհերի ակտիվ ուսանողների ամենասիրված ինչ-որ ոլորտի գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը:

Մասնագետների կարծիքով` Նիկողոսյանը Պուտինին շատ նման չէ. չի փրկում նույնիսկ շատ նման սանրվածքը: Սակայն ժյուրիի պատվավոր անդամ Թոմաս Հոքինսը ոչինչ չի բացառում. «Ես հիշում եմ` ինչպես 2004թ. չինացի մի երիտասարդ հաղթեց Էլվիս Պրեսլիի նմանակների մրցույթում: Ոչինչ չի կարելի բացառել»: Լավատեսությամբ է լցված նաև «Անդրանիկ Նիկողոսյանի բարեկամներ» ինքնաբուխ նախաձեռնությունը. «Երկրորդ Պուտինն ա մեր Անդրանիկը: Անհնար է նա չհաղթի. մենք դա ասում ենք ոչ թե որ նրա մտերիմներն ենք, այլ… չէ, մի րոպե, հենց դրա համար էլ ասում ենք»:

Ինքը` Նիկողոսյանը, իր շանսերը նույնպես բարձր է գնահատում: «Ես  մի պահ երկմտում էի` Պուտինի՞ն եմ ավելի նման, թե՞ Չէգեվառին: Սակայն վերջը հասկացա, որ Պուտինին»: Նմանակը նաև նշեց, որ անկախ մամուլն էլ է կանխատեսում նրա հաղթանակը` «Gazeta.am-ից սկսած, maxinfo.am-ով վերջացրած: Բոլորը իմ մասին են գրում, բոլորը կարծես իմ մտքերն են կարդում:» Մեր հարցին` միթե՞ այդ կայքերը հենց իրեն չեն պատկանում, ապագա Պուտինը բան չպատասխանեց և փոխեց թեման:

Պուտինի նմանակների մրցույթն անցկացվում է ամեն տարի. մասնակիցներն իրենց ուժերն են փորձում զուգարանում սատկացնելու, գազ փակելու, նավթ վաճառելու և ընտրություններ կեղծելու մրցափուլերում: Նիկողոսյանը խոսք տվեց հաղթելու դեպքում մրցանակի գումարն օգտագործել Հայաստանում Պուտինի ֆան ակումբներ ստեղծելու համար: «Պուտին club. ցանկացած հայ երիտասարդ կկարողանա քննարկել այնտեղ Պուտինի պրոֆեսիոնալիզմը, փայլատակումները և ընդհանուր հոյակապությունը», — նշեց Նիկողոսյանը:  Մտահաղացումն արտահայտելուց 3 ժամ առաջ այն արդեն սատարել է «Չենք թաքցնելու» նախաձեռնությունը, «Անդրանիկ Նիկողոսյանի հիմնադրամ» Անդրանիկ Նիկողոսյանի հետ կապ չունեցող հիմնադրամը և Հայաստանի «Շատ վատ PR» ասոցիացիան:

3 Comments

  1. Tsovinar Tsovinar 20/01/2012

    Ուղղակի բռավո՛: Ամեն մի բառը ճիշտ տեղին: Կեցցեք:

  2. Hovo Hovo 23/01/2012

    դուք բոց եք, տղերք :ՃՃՃ հալալա !!!!!!!!!!!!!!!

Մեկնաբանությունները փակ են.