Press "Enter" to skip to content

Իշխանությունները փոխարինում են Շուշան Պետրոսյանին Նունե Եսայանով

Կադրային փոթորիկը հասավ բեմ

ԵՐԵՎԱՆ — Չնայած օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն դեռ չի այցելել Հայաստան, կադրային փոփոխությունները շարունակում են ցնցել մամուլը և ծանոթով գործի ընդունված չինովնիկներին:  Պաշտոնանկությունների շղթան չշրջանցեց նաև շոու բիզնեսի ոլորտը, վերջին տվյալներով իշխանությունները ազատեցին Շուշան Պետրոսյանին գլխավոր բարոյահոգեբանական երգչուհու պաշտոնից: Համաձայն վերջին ասեկոսեների` նոր նախընտրական փուլում նրան կփոխարինի երգչուհի Նունե Եսայանը, ով պետք է թարմություն բերի իշխանական քարոզարշավին:

Նախքան նման կտրուկ քայլի դիմելը` իշխանությունները լուրջ հետազոտություն պատվիրեցին: «Սոցիոմետր» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցումներ անցկացրեց իշխանությունների համակիրների շարքում: Արդյունքները ոգևորիչ էին. հանրությանը ոչ միայն չէր նյարդայնացնում Նունե Եսայանի ռնգային երգեցողությունը, այլ նաև 31%-ն այն նախընտրում էին Շուշան Պետրոսյանի բավականին հաճելի վոկալի փոխարեն: Համակիրներից մեկը նաև ավելացրեց` «Եթե մեզ էլի պիտի զոռով միտինգի բերեն, գոնե թող ինչ-որ նոր երգիչ/երգչուհիներ լինեն, թե չէ ամեն անգամ նույն դեմքերն  են», — ասաց ուսուցչուհի Կարինեն: Երկու երգչուհիներն էլ առարկություն չեն առաջացրել պահպանողական և նժդեհական ընտրազանգվածի մոտ, սակայն կանայք ավելի հակված են եղել Շուշան Պետրոսյանին հավանություն տալ: «Նունեն մեկ-մեկ շատ կարճ ա հագնում, ես չեմ ուզում ամուսինս միտինգի գնալուց կողմնակի բաների մասին մտածի: Թող ավելի լավա կենտրոնանա իրա տնօրենի հետ շփվելու վրա` անցած անգամ տնօրենը չէր էլ նկատել, որ նա ներկա էր միտինգին», — բողոքեց տիկին Նաիրան: Երաժշտասերներին նաև չէր մտահոգում, որ Եսայանը կարող է ֆոնոգրամայի տակ երգել` «Մենք էլ ֆոնոգրամայով ծափ կտանք», — ասաց հարցվողներից մեկը:

Նունե Եսայանը թեև զգալիորեն չի երիտասարդացնի իշխանությունների ընտրազանգվածը, սակայն ավելի կարևոր ազդեցություն կունենա: «Վերջին շրջանում Նունե Եսայանին հաճախ տեսել ենք ոչ միայն ակնոցներով, այլ նաև «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդման տաղավարում կանգնած: Նունե Եսայանը որպես բրենդ հիմա 2%-ով ավելի շատ ասոցացվում է հենց ինտելեկտի հետ` կազմելով մեր շոու բիզնեսում աննախադեպ 4,5%», — ասաց բրենդաբան և բրենդագետ Արման Կոկակոլյանը: Համաձայն մասնագետի «Շուշան Պետրոսյան» բրենդը այնուամենայնիվ ակտուալ է, և կարող է ծանրակշիռ  փաստարկ լինել իշխանությունների քաղաքական պլատֆորմի օգտին: Այսպիսով, կադրային փոփոխությունը չի նշանակում, որ հանրությունը այլևս չի տեսնի սիրված երգչուհուն նախընտրական քարոզչության շրջանում:

Քաղաքագետները պնդում են, որ սա վերջին կադրային փոփոխությունը չէ, և նոր կադրեր կարող են հայտնվել ռազմահայրենասիրական սերիալներում, կինոյում և նույնիսկ ասմունքում:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

8 Comments

  1. Kristine Barseghyan via Facebook Kristine Barseghyan via Facebook 02/11/2011

    :))))) lavn er:)))

  2. dabavog dabavog 02/11/2011

    լավն էր

  3. Harout Ekmanian via Facebook Harout Ekmanian via Facebook 02/11/2011

    մենակ վերնագիրը հերիք էր աթոռից ընկնելու :)))))

  4. Xelgen Xelgen 03/11/2011

    ««Մենք էլ ֆոնոգրամայով ծափ կտանք», – ասաց հարցվողներից մեկը:» այստեղ արդեն լացում էի…

    • Narek Narek Post author | 03/11/2011

      Խինկալու չա՞փ լացեցիր

Մեկնաբանությունները փակ են.