Press "Enter" to skip to content

Լևոն Տեր Պետրոսյան` «Մենք պատրաստ ենք վերսկսել երկխոսությունը, միայն եթե իշխանությունը առաջինը մոտենա մեզ բամբաներկայով կամ “Rafaello”-ով»

«Թեկուզ մի թեթև ծնգացնեն, մենք հետ կզանգենք: Սկզբունքայինը նրանց առաջին քայլն է» - Լևոն Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ – Ընդդիմության հիմնական առաջնորդ և Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իշխանության հետ երկխոսությունը կարող է վերսկսվել, եթե վերջինս անի առաջին քայլը: ՀԱԿ-ի ղեկավարը ներկայացրերց այն բոլոր պայմանները, որոնց  պարագայում հնարավոր կլինի  լիարժեք իրականացնել առկախված բանակցությունը երկրի ապագայի վերաբերյալ: Պայմանների մեջ ներկայացվեցին այնպիսի կետեր, ինչպիսիք են առաջին զանգի գործոնը, ՀԱԿ-ի ղեկավարին «Հիմնադիր նախագահ» դիմելաձևը և քաղցրավենիքով մոտենալը: 

«Խոսքը գնում է Հայաստանի ապագայի մասին», — նշեց Տեր-Պետրոսյանը: «Իշխանությունները պետք է հասկանան, որ պետության զարգացման հաշվին վիճել, թե ով է առաջինը զանգելու մյուսին, քաղաքական տհասության նշան է: Այդ իսկ պատճառով, ուշադրություն. ՀԱԿ-ը կօգտագործի իր խոհեմությունն ու վճռականությունը` սպասելու այնքան, մինչև Կոալիցիան կարողանա անել քաղաքականապես հասուն քայլ և առաջինը դիմի մեզ»:

Կառավարությունը տարակուսանքով է արձագանքել երկխոսության հեռանկարի վերաբերյալ պայմաններին: Կոալիցիան հստակ նշել է մասնավորապես այն նախապայմանը, որի հետ նրանք ունեն սկզբունքային քաղաքական տարաձայնություն` ‘առաջինը զանգելը’:

«Բնականաբար մենք հիացած չենք ‘Rafaello’-ով նրանց մոտենալու գաղափարով»,- նշում է կոալիցիոն  պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանը: «Բայց առաջինը զանգելու նախապայմանը ցույց է տալիս, որ նրանք պարզապես չեն ուզում երկխոսել: Մենք պատրաստ ենք երկխոսության գալ լրացուցիչ մի քանի Mozzart բամբաներկաներով, եթե հանվի առաջինը մոտենալու նախապայմանը»:

«Ղզիկության վտանգը չափազանց մեծ է, որպեսզի որևէ մեկը անի առաջին քայլը», - ռուսախոս փորձագետ:

«Հաշվի առեք, որ անցած անգամ մենք ենք զանգել ՀԱԿ-ի պատվիրակությանը: Այժմ ընդդիմության հերթն է զանգել և քննարկել Հայաստանի ապագան: Պարզապես ամոթ է, որ նրանք չունեն քաղաքական հասունություն և լրջություն` Հայաստանի ապագայի խաթր մի կողմ դնել գոռոզությունը և անել առաջին զանգը», — եզրափակեց Հարությունյանը:

Փորձագետները նշում են, որ իրավիճակը փակուղային է և պահանջում է արտաքին միջամտություն: Հայաստանի լավագույն ռուսախոս վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ առաջին քայլ անողը կարող է կորցնել հասարակության հարգանքը. «Մրցակից քաղաքական ուժին առաջինը մոտենալը  ակնհայտ քաղաքական ղզիկության նշան է և այդ հանգամանքը թույլ չի տա որևէ մեկին անել այդ առաջին քայլը», — Իսկանդարյան (թարգմ. ռուսերենից):

«Երբեմն նույնիսկ երկար ժամանակ մրցակցին որևէ զգալի բանով չսպառնալը կարող է դիտարկվել նահանջողական ղզիկություն, էլ չասած բանավոր շփման նախաձեռնման մասին», — բացատրում է Իսկանդարյանը: «Այս պարագայում Հայաստանին կարող է օգնել միայն միջազգային միջամտությունը և միջնորդությունը, օրինակ` Ֆրանսիայի կամ  Բելգիայի կողմից»:

ԵԽ երևանյան գրասենյակը երեկ տարածել է հաղորդագրություն, որում հայտնում է, որ «ԵԽ պաշտոնական դիրքորոշումը մերժում է այն վարկածը, որ առաջինը նախաձեռնություն ցուցաբերելը քաղաքական ղզիկության նշան է»: Հայտարարությունը, սակայն, չունեցավ լուրջ ազդեցություն կուսակցությունների վրա, քանի որ եվրոպական երկրների խորհրդին հետևելը Հայաստանում ևս միաձայն համարվում է ղզիկության նշան:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

2 Comments

  1. Olya Azatyan via Facebook Olya Azatyan via Facebook 17/10/2011

    «Մրցակից քաղաքական ուժին առաջինը մոտենալը ակնհայտ քաղաքական ղզիկության նշան է և այդ հանգամանքը թույլ չի տա որևէ մեկին անել այդ առաջին քայլը», – Իսկանդարյան (թարգմ. ռուսերենից): ))))))

Մեկնաբանությունները փակ են.