ԵՐԵՎԱՆ — Այս առավոտ Երևանն արթնացավ կաթվածահար եղած: Առաջին հայացքից պատճառը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական այցն էր: Երկրորդ հայացքից պատճառը «էդ անտեր Ֆրանսիացի նախագահի» այցն էր: Երրորդ հայացքից պատճառը «%*@$ ^!@» Սարկոզին էր: Սակայն անկախ վերլուծաբանները նայեցին խնդրին չորրորդ անգամ և հայտնաբերեցին որոշակի թաքնված հետևողականություն: Բանն այն է, որ յուրաքանչյուր անգամ, երբ Հայաստան է այցելում բարձրաստիճան պաշտոնյա, երթևեկությունը կաթվածահար է լինում: «Սա քաղաքական PR աճպարարություն է. իշխանությունները մեզ ստիպում են ատել օտար երկրների նախագահներին, ինչի արդյունքում իրենք մի փոքր ավելի լավ են երևում ժողովրդի աչքերում», — ասում է սև PR-ի մասնագետ Վրեժ Սևոյանը: Տեխնոլոգիան մշակվել է Ռուսաստանում` Բիլ Քլինթոնի այցի ժամանակ, երբ իշխանությունները ստիպեցին ժողովրդին ատել ամերիկացիներին` հայտնի 18 ժամյա մոսկովյան խցանման միջոցով: Երբ ժողովրդի նեգատիվ Էներգիան ուղղվեց Քլինթոնին ատելուն, Ելցինի ընկած վարկանիշը մի փոքր բարձրացավ, որքան էլ դա առաջին հայացքից անտրամաբանական էր:
Լսեցինք նաև պետավտոտեսչության ներկայացուցիչներին. «Ժողովուրդը մեր իրավիճակի մեջ չի մտնում, մենք պատրաստված չենք ապահովել նախագահի անվտանգությունը` փակելով միայն մի փողոց մի 20 րոպեով: Դրա համար փակում ենք ամբողջ քաղաքը` մի 3-4 ժամով, ու կարող ենք հաստատ վստահ լինել, որ ոչ մի ՉՊ չի լինի», — ասաց ավագ տեսուչ Գրպանյանը:
Մենք փորձեցինք պարզել` ինչ էին ապրում խցանման պատճառով գործից ուշացած հասարակ հայ վարորդները: «-Ես, իհարկե, կասկած չունեմ, որ մեր պետավտոտեսչության մեղքն ա սա` իրանք շատ լավ կարողանում են միայն խախտումներ նկատել ու տուգանել, իսկ երթևեկության ղեկավարման հարցում խայտառակ ոչ կոմպետենտ են: Բայց, նույնիսկ այդ ամենը գիտակցելով, ուզում էի մի քանի անգամ ուժեղ հարվածել Սարկոզիի քթին: Ճիշտա նա մեղավոր չէ, շատ լավ մարդա երևում, բաց մի հատ մռթին կտայի», — ասաց Գոլֆ 3-ի վարորդ Աշոտը: «-40 րոպե Կոմիտասի վրա կանգնած` մտքում անպատվում էի մեր գաիշնիկներին ու իշխանություններին, բայց որ տեսա Բաղրամյանն էլ ա փակ, սկսեցի հիշատակել նաև Սարկոզիին` իր բարեկամներով հանդերձ: Լավա, որ եկավ Հայաստան, Ռոդենի ցավն էլ տանեմ, բայց մի տեսակ տհաճ նստվածք մնաց մոտս», — ասաց Միհրանը, Օպել Վեկտրա Բ: «-Շատ արագ քշեցի անցա, ոչ մի տեղ էլ երկար չեմ սպասել, ի՞նչ պռոբկա», — Վրույր, BMW X6:
Մեր աղբյուրների համաձայն, ինքը` Սարկոզին, զարմացել է Երևանում ավտոմեքենաների սակավաթվությամբ և այդ փաստն անվանել «լուրջ էլկոլոգիական ձեռքբերում»:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
lavn er
Սարկոզին, զարմացել է Երևանում ավտոմեքենաների սակավաթվությամբ և այդ փաստն անվանել «լուրջ էլկոլոգիական ձեռքբերում»: :)))
avag tesuch Grpanyany? :))) es vor darna? votex ek tesel korumpacvac avtotesuch?