Press "Enter" to skip to content

Քոչարյանը մեկնարկում է համաժողովրդական շարժում

Ժողովրդի զանգվածային խնդրանքենով Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ — Սեպտեմբերի 30-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարիոթ հյուրանոցում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու և նոր համաժողովրդական շարժում սկսելու մասին: Քննադատելով ներկա իշխանության ‘ազգակործան’ քաղաքականությունը` նախկին նախագահը կոչ է արել բոլոր հայրենասեր ուժերին միավորվել նոր ստեղծվելիք Հայ Կոնգրեսական Համաժողովում:

Երկրորդ նախագահը զարմացրեց ներկաներին. բավական անխնա կերպով դատապարտեց ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը և համատարած կոռուպցիան. «Այսօրվա իշանությունը վերից վար կոռումպացված օլիգարխիկ համակարգ է ստեղծել, որտեղ շահում է մի քանի յուրային, իսկ տուժում է մեր ժողովուրդը»:

«Ես հասկանում եմ, որ իմ պաշտոնավարման շրջանում ևս եղել են խնդիրներ` գործազրկություն, որոշակի արտագաղթ, ոչ իդեալական ընտրություններ, սակայն իմ ամենամեծ սխալը եղել է կադրային քաղաքականությունը… իմ պաշտոնավարման վերջում անհաջող վարչապետ նշանակելը, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը»:

Երկրորդ նախագահը նաև բացատրեց իր պաշտոնավարման խնդիրների պատճառները. «Այդ ժամանակ մեր ողջ ռեսուրսները կենտրոնացած էին Ղարաբաի պատերազմում մեր հաղթանակը ամրապնդելու վրա: Ֆիզիկայի օրենքների տարրական իմացությունը բավական է հասկանալու, որ չէինք կարող համ հաղթանակը պահել, համ էլ ժողովրդին ապահովել նորմալ կյանքով»:

Աղբյուրների հաղորդմամբ` իշխանության շրջանակներում լուրջ իրարանցում է սկսվել երկրորդ նախագահի` քաղաքականություն վերադառնալու կապակցությամբ: Տասնյակ պաշտոնյաներ, զինվորականներ իրենց աջակցությունն են հայտնել Քոչարյանի թեկնածությանը:

«Չեմ կարծում ազգը այդքան հեշտ մոռացած լինի մութ ու ցուրտ... մի րոպե... գործազուրկ և մենաշնորհային տարիները»

Երևանի քաղաքապետի հնարավոր անհնազանդության կանխման նպատակով նախագահ Սարգսյանն արդեն Հայաստան է հրավիրել իր քաղաքական հետևանքներով հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոյին:Փորձագետները միակարծիք են, որ դա ակնհայտ ‘մեսիջ’ է Կարեն Կարապետյանի դռայվը սաստելու համար:

Սերժ Սարգսյանը նաև լրագրողներին ակնարկ է արել Քոչարյանի պաշտոնավարման թերությունների մասին: «Չեմ կարծում` խելացի է քայլ է վերադառնալ քաղաքականություն` այն էլ քննադատելով մեր աշխատանքը: Եթե քննադատությունը շարունակվի, ապա մենք ստիպված կլինենք պարոն Քոչարյանին տալ քաղաքական գնահատական և հիշեցնել` քանի լուսավորված փողոց կար 1999 թվականին և քանի լուսավորված փողոց կա այժմ:»

«Կարծում եմ` ճիշտ կլինի ամեն մեկը իր գործով զբաղվի, և այս մի փոքր աշխուժությունից հետո երկրորդ նախագահը վերադառնա իր երկրորդ ելույթների գիրքը գրելուն»,- ասաց Սարգսյանը:

Այս շաբաթ երկրորդ նախագահը հանդիպումներ կանցկացնի Դաշնակցության, Ազգային Միաբանության, Ժառանգության և այլ կուսակցությունների ղեկավարությունների հետ` քննարկելու հնարավոր նախընտրական համագործակցությունը:

Երկրորդ նախագահը հայտնել է, որ չունի քաղաքական ամբիցիաներ և միայն կոչ է անում, որ իրեն օգտագործեն «որպես գործիք` ստեղծված ավազակախումբը կազմաքանդելու գործում:» Նա խոստացել է բոլոր կուսակցությունների աջակցության դեպքում մեկ տարի անց հրաժարական տալ` «Ավգյան ախոռները մաքրելուց հետո»:

Հայտնի է դարձել, որ Բազե երիտասարդական ճամբարի մի մասը, որն իրեն անվանում է երիտասարդական «Հեսա» նախաձեռնություն, ևս միացել է շարժմանը:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer