Press "Enter" to skip to content

Հայաստանը մտավ սեռական հասուն տարիք


Հայաստանին գրավում են միջին տարիքի, ազատամիտ, կարճ հագնված երկրները

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական դիմում է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որում հիմնավորվում է Հայաստանի ինքնուրույնության մեծացման կարիքը: Հայաստանի իշխանությունը հիմնավորում է, որ հասուն և գիտակից տարիքի հասնելու կապակցությամբ անհրաժեշտ է ավելի ազատ և ինքնուրույն կյանքի հնարավորություն տալ Հայաստանի Հանրապետությանը:

Ռուսաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել նամակին, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներից արդեն որոշ դժգոհություններ են հնչել ռուսական կողմից: Կրեմլի աղբյուրը մասնավորապես նշել է. «Հայաստանը դեռ պատրաստ չէ ինքնուրույն կյանք սկսել: Նախ պետք է ինստիտուտն ավարտի, կայուն եկամուտ ունենա, ամուր ընտանիք կազմի մեր դաշնության մյուս հանրապետություններից մեկի հետ… Այժմ շատ վաղ է խոսել Հայաստանի ինքնուրույնության մասին»:

Ռուսաստանին են պատկանում Հայաստանի ռազմավարական խաղալիքների մեծ մասը` երկաթգիծն իր գնացքներով, ատոմակայանը, գազի խողովակները (Ռուսաստանը խլել է նաև հարևաններից մեկի նվիրած քաղալիքը` լրացուցիչ գազի խողովակը), բոլոր էլեկտրագծերն ու վարդակները, գործարանների մեծ մասը և Շիրակի մարզի մի կտորը (ըստ պայմանագրի` մինչև 2045թ.):

Ռուսաստանը չի կարծում, որ ՀՀ-ն պատրաստ է ինքնուրույն կյանքի

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումը այս հարցում. «Պետք է ճիշտ հասկանալ մեր պահանջը: Մենք չենք խոսում ընդհանրապես չշփվելու մասին: Հայաստանը ժամանակ առ ժամանակ կզանգի, իսկ ծնունդներին նաև կայցելի իր ռուս բարեկամներին, բայց 20 տարեկանը այն տարիքն է, երբ երկիրը կարող է ինքնուրույն կայացնել իր ապագային վերաբերող որոշումները. չէ՞ որ մենք Վրաստանի նման տանից չենք փախել 2003թ. և վերջնական խռովել 2008թ.:»

«Բացի դրանից, Հայաստանը այժմ սեռական հասուն տարիքում է և կարիք ունի ֆիզիկապես շփվել այլ երկրների հետ՝ առանց Ռուսաստանի նախասիրությունները հաշվի առնելու: Հասկանալի է, որ մայրական խանդը կարող է խանգարել, բայց դա պետք է հաղթահարեն մեր ռուս բարեկամները», — նշեց Նալբանդյանը:

Հայաստանին այս հարցում պաշտոնական աջակցություն է հայտնել ԱՄՆ-ը՝ ի դեմս այդ երկրի հատուկ ներկայացուցիչ Բոբ Ֆաքերը: «Ռուսաստանն ավելորդ հոգածությամբ է մոտենում իր կրտսեր դաշնակցին` առանց նկատելու, որ Հայաստանն արդեն հասուն՝ 20-ամյա կայացած երիտասարդ է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ անկախության 16 կամ առավելագույնը 18 տարեկանից երկիրը ինքնուրույն որոշի իր արտաքին քաղաքականությունը,  և մեծահասակ հարաբերություններ հաստատի այլ երկրների, հատկապես արևմտյան փորձառու երկրների հետ»:

Ռուսական կողմն առայժմ չի արձագանքել ԱՄՆ-ի դիրքորոշմանը, սակայն փորձագետների պնդմամբ՝ ՌԴ-ն շարունակելու է խրախուսել Հայաստանի լուրջ հարաբերությունները Բելառուսի, Բաշկիրիայի, Թաթարստանի և մի շարք այլ ներքին բարեկամների հետ: Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանը համարում է այն երկիրը, որին կարելի է վստահել, որ օր ծերության ժամանակ Ռուսաստանին մի բաժակ ջուր տա:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer 

4 Comments

  1. Lucy Lucy 22/09/2011

    shat lavn a, thanks guys

  2. Lilit Lilit 22/09/2011

    Excellent! Could you please translate it to English?

  3. Hayaragil Hayaragil 22/09/2011

    Ինձ թվում ա, որ պետք ա ռուս խոզերի ազդեցության տակից դուրս հանել Հայաստանը…

Մեկնաբանությունները փակ են.