Press "Enter" to skip to content

Կառավարությունը ամփոփեց 2012թ. թանկացող ապրանքների ցուցակը

Tigran Sargsyan mac apple
«Ճգնաժամը կառավարության անդամներին չի շրջանցել» ֆոտո` gov.am

Երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում նախարարներին հաջողվեց վերջնական տեսքի հասցնել այն ապրանքների ցուցակը, որոնք թանկանալու են կարկուտի պատճառով 2012թ.: «Բացի կարկուտի ավանդական զոհ`  գյուղամթերքից, ակնկալվում է, որ 2012թ. ինովացիոն թանկանացումներ կարձանագրվեն նաև այլ ապրանքատեսակների շարքում,» — հայտնեց լրագրողներին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստին հաջորդած շնորհանդեսին լրագրողներն էլ կարողացան ծանոթանալ ցուցակի հետ:

Ահա ցուցակում ընդգրկված ապրանքատեսակներից մի քանիսը`

Ապրանքատեսակ Թանկացում Նշումներ
Ծիրան 20% Բնակչությունը վաղուց պատրաստ է
Խնձոր 30% Բնակչությունը արդեն պատրաստ է
Ձու 20-30% Բնակչությունը չի զարմանա
Բենզին 7-9% Բնակչությունը կարող է գազ դնել
Շաքար 100 դր. Բնակչությունը պատրաստ չի, բայց Ս.Ա.-ը շատ խնդրեց
ԱՊՊԱ 9% Մի կերպ կբացատրենք

Ծիրանի և կարկուտի լարված հարաբերություններից շահեց միմիայն նուռը` ամրապնդելով իր դիրքերը որպես ազգային միրգ: Հայկական խնձորն արդեն իսկ արժեքով գերազանցեց, օրինակ, ֆրանսիական խնձորին: Գնաճի արդյունքում շատ երևանցիներ ստիպված կլինեն ավելի ռադիկալ լուծումներ գտնել օրգանիզմը երկաթով ապահովելու համար, ինչի արդյուքնում կվնասվեն նրանց ատամները: Կարկուտով պայմանավորված հավկիթի գնաճը կմեկնարկի 2011թ. վերջին եռամսյակում: Ըստ նորագույն հետազոտությունների` կարկուտը նվազեցնում է աքլորների լիբիդոն, ինչի արդյունքում կտրուկ նվազում է հավկիթների քանակը:

Շատ ավելի դժվար է բացատրել` ինչու կարկուտի արդյունքում կթանկանա բենզինը, և կառավարության անդամները խոստովանում են, որ դեռ փնտրում են բացատրություն, ավելին` հայտարարել են լավագույն բացատրություն ներկայացնող շարադրությունների մրցույթ: Շաքարի գինը կավելանա ևս 100 դրամով, քանի որ կարկուտի ժամանակ մարդիկ ավելի հաճախ են թեյ խմում և առանձնապես չեն առարկել գնի բոլոր նախորդ բարձրացումներին: ԱՊՊԱ-ն, իր հերթին, կթանկանա կարկուտի ժամանակ կրկնապատկվող տրանսպորտային վթարների արդյունքում:

Դինամիկ փոփոխվող կլիմայի պարագայում հնարավորություն կա, որ հաջորդ տարի կարկուտի տեղումներ կարող են ընդհանրապես չլինել: Սակայն կառավարությունը հատուկ հանձնաժողով է գործուղել Կենտրոնական Ամերիկայի ջունգլիներ, որտեղ, ինտենսիվ դասընթացների արդյունքում  փոխնախարարները և վարչությունների պետերը պետք է վարժ տիրապետեն բնիկների «Կարկուտի պարին»: Անկարկուտ եղանակի դեպքում հանձնաժողովը կկատարի պարը Հանրապետության հրապարակում. միջոցառումը արդեն արտոնագրվել է քաղաքապետարանի կողմից:

Կառավարությունը հավատացնում է, որ գնաճի պատճառները օբյեկտիվ են, և խոսք է տալիս չնախատեսված գնաճերի մասին հաղորդել առանձին:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

5 Comments

  1. Mery Grigoryan via Facebook Mery Grigoryan via Facebook 02/09/2011

    կարկուտը նվազեցնում է աքլորների լիբիդոն 😀

  2. Artashes Vardanian via Facebook Artashes Vardanian via Facebook 02/09/2011

    բա հաց, ցորենի, կարագի, պանրի վրա կարկուտը չի ազդում??? Ազդումա էն էլ ոնց: մենակ ինտերնետի վրա չի ազդում կարկուտը:

  3. Berdetsi Berdetsi 02/09/2011

    “Կար-կուտը” լավ բան է թե’ աքլորի, թե’ հավի լիբիդոյի համար. այ “Չկար-կուտը-զի կարկուտ էր”-ը…

  4. JJ JJ 02/09/2011

    Բա հըլը վարչապետական մակինտոշի վրայի ֆինանսական ճգնաժամ ապրած խնձորը՝ երկու կողմից կրծած ։)

  5. Berdetsi Berdetsi 02/09/2011

    JJ, ինչ էլ սուր աչք ունես:)

Մեկնաբանությունները փակ են.