Press "Enter" to skip to content

Խաչիկյան՝ «Այդ 113,181,900 դրամ գրպանողը ես չեմ»

«Հազար ու մի աշխատող կա այդ հիմնադրամում.. ինչու՞ հենց ես,» Խաչիկյան

Սոցապահովության հիմնադրամի բազմամյա ղեկավար Վազգեն Խաչիկյանը, որը մեղադրվում է տարիներ շարունակ 59 հազար մահացած թոշակառուների թոշակը գրպանելու մեջ, դատապարտում է բոլոր տգեղ կասկածները: Հիշեցնենք, որ վերահսկիչ պալատը դատախազություն է ուղարկել հաղորդում, որի համաձայն 113,181,900 դրամ դուրս է գրվել հանգուցյալ թոշակառուների անունով, սակայն վերջիններիս այդպես էլ չի հասել:

Խաչիկյանը մեծ զարմանքով և ցավով է խոսում այս դեպքի մասին: «Անկեղծ ասած, ես էլ ձեր պես զարմացած եմ: Այո, ղեկավար էի, այո, իմ վերահսկողության տակ էր այդ հիմնադրամը, այո գումարներ են գրպանվել, բայց ինչու՞ միանգամից դատախազություն և ինչու՞ միանգամից ինձ: Արդյո՞ք ես կոռումպացված չինովնիկի տեսք ունեմ:»

Նախկին պաշտոնյան ընդունում է, որ համակարգում կային խնդիրներ, սակայն  դրանք համակարգված բնույթ չէին կրում: «Հա, մեկ-մեկ պատահում էր, որ հիմնարկից դուրս գալուց հիմնարկի գրիչներից, կամ սոսինձներից կամ էն դեղին sticker-ներից պատահաբար մնում էր գրպանս տանում էի, բայց 113,181,900 դրամ… դժվար: Հաստատ կհիշեի:»

Այժմ Խաչիկյանը գտնվում է Գերմանիայում, որտեղ վերականգնում է առողջությունը անսպասելի մանթրաշից: «Ինձ դեռ երկար ժամանակ կպահանջվի հավատալու, որ իմ հիմնարկում նման բան է եղել: Լավ, հա, անկեղծ ասած, մի անգամ էլ ստեպլերն եմ տարել տուն ու կարող ա…  մի քանի սկոչ, էն լայն սկոչերից, բայց 113,181,900 դրամ.. չե, հաստատ ես չեմ:»

Խաչիկյանի պնդմամբ բացի իրենից հիմնարկում աշխատում են ևս հազար մարդ, և անհասկանալի է թե ինչու են իրավապահները հենց իր վրա կենտրոնացել: «Աշոտ կար մի հատ մեր հարկում: Չախկալ աչքերով: Կարող ա ինքն ա տարել… Իր հայացքը ինձ հենց սկզբից դուր չեկավ: Պահակ էր աշխատում:  Ինչու՞ չի դատախազությունը իրեն կասկածում: Համեստ հանրապետական են գտել, հարձակվել են..», վրդովված ձայնով նշում է Խաչիկյանը:

«Մանր բաները մեկ-մեկ պատահում էր, բայց 113,181,900 դրամ ... չէ, հաստատ չէ,» Խաչիկյան

«Հա լավ, մի անգամ էլ հիմնարկի սենյակի հեռուստացույցի  հեռակառավարման վահանակից էլեմենտներն եմ (մարտկոց — խմբ.) հանել մեր տան պատի ժամացույցի համար, բայց 113,181,900 դրամ…  հաստատ ես չեմ վերցրել:»

Նախկինում երիտասարդ հանրապետականին վրդովեցնում է այն, որ ոչ մի փոստատար կամ գյուղական որևէ համայնքի սոցապ բաժնի աշխատակից չի դիտարկվում որպես հնարավոր հանցագործ այս հարցում: «Ամբողջ համակարգը պոտենցիալ գող ու թալանչի է, բայց թուք ու մուրը փորձում են ինձ վրա թափել: Ազնիվ չէ էլի: Ախր ես էդ հանրապետականը չեմ եղել: Հա, ասենք եթե ֆուրշետ էր  լինում, հնարավոր ա վերջում մնացած սենդվիչները (բուտերբրոդ, բրդուճ — խմբ.) վերցնեի տուն, բայց 113,181,900 դրամ… չէ էլի: Ես էդ մարդը չեմ:»

«Ինչ էլ եղել է, համակարգված բնույթ չի ունեցել: Այն ավելի շատ եղել է սպոնտան.. գուցե ինչ-որ տեղ ռոմանտիկ բնույթ է կրել: Դե, օրինակ, ինչ մեղքս թաքցնեմ, պատահել է, որ երեկոյան բարձր տրամադրությամբ գործից դուրս գալուց մեկ-երկու լամպչկա եմ (լամպ — խմբ.) հանել միջանցքից տան համար, բայց 113,181,900 դրամ.. ուղղակի ծիծաղելի է:»

Խաչիկյանը պատրաստ է պատասխանել դատախազության հարցերին Գերմանիայից վերադառնալուց հետո: «Ես էդ հանրապետականը չեմ, որ 113,181,900 դրամ վերցնի ու… փախչի Գերմանիա: Ասեմ ավելին՝ ես պատրաստ եմ իմ կողմից բյուջե նվիրաբերել այդ գումարը: Եթե պետք լինի հենց վաղը կվաճառեմ Իսպանիայի ամառանոցներից կամ Ավստրալիայի հյուսիսային կղզիներիցս մեկը ու այդ գումարը կփակեմ: Պարզապես ինձ համար մի փոքր վիրավորական է, որ սոցհիմնադրամի հազար աշխատակիցներից հենց ինձ են մեղադրում դրամաշորթության մեջ: Այդքանը:»

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

 

10 Comments

  1. Mad Hab via Facebook Mad Hab via Facebook 20/05/2011

    like

  2. Աշոտ կար մի հատ մեր հարկում: Իր հայացքը ինձ հենց սկզբից դուր չեկավ :))))))))))))___nra xoratapanc achqer@ lurt… 😀

  3. Այժմ Խաչիկյանը գտնվում է Գերմանիայում, որտեղ վերականգնում է առողջությունը անսպասելի մանթրաշից: )))))))))))))))))))))))))))))))))))))))))))

  4. այդ Խաչիկյանը ես եմ…ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան 😀

  5. Genio Genio 21/05/2011

    Տենց Խաչիկյանները չեն խայտառակում ռեսպուբլիկան էէէ, այլ ռեսպուբլիկայի հերն անիծում են….

    Ու կանիծեն, քանի դեռ ռեսպուբլիկայի քաղաքացիները տենց Խաչիկյանների հերը չեն անիծում…

  6. Garo Garo 22/05/2011

    Ընենցա կերել, որ բերանը չի փակվում………

  7. զարհ զարհ 25/05/2011

    Մեկ սա մեկ Աշոտյա*ը… անտաղանդ, մանկամիտ, կոռումպա-խոճկորներ, տեսնես դրա վրա երբ են քրգործ բացելու ու ինչքան կհասցնի փչացնել ու շորթել:

Մեկնաբանությունները փակ են.