Press "Enter" to skip to content

8 բան, որոնք կարող են փչացնել 2011թ.

Մոմերի հեղափոխությանն են միանում «պիվի բուդկեքի» տերերը

1. Մոմերի հեղափոխությունը

Երևանցներին զրկեցին Տիգրան Կարապետյանին զանգելու հնարավորությունից։ Որոշ երևանցիներ բարկացան և դուրս եկան փողոց, նրանց հետևեցին որոշ գյումրեցիներ, վանաձորցիներ և մի քանի հրազդանցի։ Կարապետյանը իր հերթին բոլորին բաժանեց մոմեր, որ եթե մարդ էս, հեղափոխություն ստացվի, ապա երկար չմտածենք ինչպես անվանել հեղափոխությունը։

2. Գաիշնիկները

Գաիշնիկների քանակի աճի դինամիկան իր տեմպերով վաղուց արժանացով սոցիոլոգների ուշադրությանը։ 2010թ. ԳԱԻ–ի մեքենաները թվով հավասարվեցին կանաչ մեքենաներին, իսկ ՀՀ քաղաքացիների կոնվերտացիան դեպի տեսուչներ կրկնապատկվեց տարվա վերջին եռամսյակում։ Սոցիոլոգները ահազանգում են, որ եթե այս տեմպերը պահպանվեն, ապա մինչև 2011թ. նոյեմբեր տասից  չորս հայը կդառնա տեսուչ։ Ինչը նաև զգալիորեն կնվազեցնի մեր կայքը ընթերցողների քանակը։

Վարպետ Ֆաբերժեն երբեք չէր պատկերացնի, որ հասարակ ձուն նույնքան պահանջված կլինի

3. Ձուն «կարմիր գրքում»

Ձվի անհետացումը, թանկացումը և ոչ լիարժեք վերադարձը հուշում է, որ ցանկացած պահի ցանկացած ապրանքատեսակ կարող է համատարած անհետանալ կամ քսան  անգամ թանկանալ, ու ոչ ոք պատասխանատվություն չի կրելու դրա համար։ Ավելին` հեռուստատեսությունը մի քանի օր հետո մեղադրելու է սպառողներին անհիմն խուճապ ստեղծելու մեջ։ Հետևաբար` Զատիկի ձուն ու ձվի ներկը անհրաժեշտ է գնել ՀԵՆՑ ՀԻՄԱ։ ԵՎ եթե մի քանի ամիս հետո բոլոր խանութներից անհետանա միսը՝ մի շտապեք մեղադրել օլիգարխներին՝ նայեք հայելու մեջ՝ հնարավոր է դուք անհիմն խուճապ ստեղծող եք։

4. ՀոՊՊԱ

2010թ. ապացուցեց, որ կարելի է շատ արագ մտցնել ցանկացած տեսակի, ցանկացած արժեքի պարտադիր ապահովագրություն՝ անհրաժեշտ է պարզապես սահմանել շատ մեծ տուգանք։ 2011թ. կարող է մեզ պարգևել մի նոր պարտադիր ապահովագրում, այս անգամ ՀոՊՊԱ։  ՀոՊՊԱ՝ Հոգեկան պրոբլեմների պարտադիր ապահովագրություն։ Դե, որ անհիմն խուճապ չստեղծեք։

5. Գազ

Ռուսաստանը կշարունակի մնալ Հայաստանի լավագույն, ամենահին և ամենաջերմ բարեկամը։ Սակայն մնացած պետությունները աչքը շատ չծակելու համար ապրիլին մի քիչ էլ կթանկացնի գազը։ Թող մեր եղբայրությունը շատ չզռա։ Մենք չենք բացառում, որ կթանկացնի նույնիսկ 40%–ով, քանի որ 30%–ով թանկացումը սպառողները շատ էլ թեթև տարան։

Ընտրվելու նոր մեթոդը արդեն հետաքրքրեց մի քանի կուսակցությունների

6. Եվրատեսիլ

Հաստատվեց, որ այսուհետ Եվրատեսիլի մասնակիցներին ընտրելու է ոչ թե հանրությունը այլ Հ1–ը։ Եթե Էմմին մրցույթից հետո էլ չմոռանա Հ1–ի 2010թ. անախորժությունները ապա չի բացառվում, որ նրան ուղարկեն Եվրատեսիլ մի 3–4 անգամ էլ։ Մինչև տհաճ նստվածքը վերանա։

7. Էմոյատիպ հետապնդումներ

Այս տարի վիճակահանությամբ կընտրվի թե երիտասարդների որ ուղղությունն է հետապնդվելու ոստիկանության կողմից նոր տարվա ընթացքում։ Լավ շանսեր ունեն մետալիստները (չշփոթել մետաղագործների հետ)  և Թեղուտի անտառի պաշտպանները։ Եհովայի վկաները կարող են հանգիստ շունչ քաշել՝ նրանց այս տարի էլ ձեռք չեն տալու։

Friendly neighborhood Spider-Man

8. Փոփոխություններ ոստիկանությունում

Ոստիկանապետի խոսքերով, այս տարի փոխվելու է ոստիկանի համազգեստը։ Նոր համազգեստը կտրականապես փոխելու է ժողովրդի վերաբերմունքը ոստիկանությանը։ Սպասվում են հարգանքի  տեղումներ, սիրո խոստովանություններ և  4 ռոմանտիկ պոեմ ոստիկանության մասին։ Համաձայն լրջոտ ասեկոսների արդեն մարտից բոլոր ոստիկաններին կբաժանեն Սարդ–մարդու համազգեստի մեկական օրինակ։ Բացի ճանաչված և սիրված լինելուց այն կարված է ձգվող կտորից և կարող է տեղավորել օրենքի ձեռքի փորերը։ Մնում է հուսալ, որ ոստիկանին հարգելու պատճառները դրանով չեն սահմանափակվի։

Ի դեպ, այս ամենը ոչ մի կապ չունի Ռուսաստանի «միլիցյան» «պոլիցյա» դարձնելու գործընթացի հետ։

4 Comments

  1. KaRen KaRen 17/01/2011

    կարող է տեղավորել օրենքի ձեռքի փորերը ))))) lav tari klini!

  2. Artak Artak 17/01/2011

    Իսկականից ՀոՊՊԱ-ն շատ տեղին կլինի, առավել ևս հաշվի առնելով վերջին ժամանակներում Ակիրա Կուրոսավայի նեոռեալիզմի ոճով տոգորված արդի ժամանակաից փիլիսոփայական ռահվիրա Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական մտքի պոռթկումների ժամանակ լույս աշխարհ զեղված արևաճաճանչափայլ արդյունքների դինամիկ փոփոխությունների տենդենցները:

  3. Narek Narek Post author | 17/01/2011

    @Artak
    Արտակ մորթեցիր ))

Մեկնաբանությունները փակ են.