ԵՐԵՎԱՆ — Երեքշաբթի առավորտյան հակահայեցի “Էմո” մշակույթի դեմ մոբիլիզացավ Երևանի պարկովշիկների միության երիտթևը, որը երթ անցկացրեց Նալբանդյան փողոցի վրա` կոչ անելով անցորդներին միանալ իրենց պայքարին: Երիտ-պարկովշիկները պահանջում էին հասարակության և իշխանության ներկայացուցիչներից ավելի անհանդուրժող լինել Էմոների նկատմամբ:
Երիտթևի Արաբկիրի ճյուղի ներկայացուցիչ Միսակ Վարդապետյանը վստահ է, որ Հայաստանի զարգացումը հիմնականում խաթարվում է նրանց պատճառով: “Իմ ծնողները դրա համար չեն ամբողջ կյանքը նվիրել մեքենաները գեղեցիկ կայանելուն, որպեսզի ինչ-որ մանուշակագույն մշակույթ փորձի աղավաղել քաղաքի դեմքը: Կարծում եմ դրանք ակնհայտ հակաազգային տարրեր են և հասունացել է ժամանակը, որ Էմոները ճանաչվեն ընդդիմադիր և ենթարկվեն այդ հոդվածով սահմանված բռնությունների”, ներկայացրեց Վարդապետյանը լրագրողներին:
Մոտ 70-հոգանոց երիտթևի միության երթին միացավ նաև Երևանի մարշրուտկաների վարորդների երիտթևը: Մոտ 80-հոգանոց մարշրուտավարների երիտթևը բարձրախոսներով և բութ գործիքներով դատապարտում էր երկու դեռահաս Էմոների խաչմերուկի մոտ, երբ նրանց օգնության հասավ երիտպարկովշիկների գունդը:
Ակցիան հասավ իր գագաթնակետին, երբ նախագահական նստավայրի մոտ այս երկու խմբերին միացավ նաև Հայաստանի թոշակառուների երիտթևը` 43-ամյա ՍոցԱպ-ի կրտսեր անդամ Սմբատ Սաիյանի գլխավորությամբ: Նա նշեց` “Մենք այստեղ ենք, որովհետև անտարբեր չենք մեր ազգի նկատմամբ, որովհետև էմոցիոնալ հայը դա թուրք է, որովհետև մանուշակագույն Էմոները աղավաղում են Երևանի թամանյանական վարդագույն տեսքը և ի վերջո ինչու ինչ-որ մեկը պետք է փորձի մյուսներից տարբերվել` դա սատանիզմ է”:
Հոգեբան և այս հարցերում հարմար խոսնակ Կարինե Նալչաջյանը բացատրում է այս տրամադրությունները սովորական հայրենասիրությամբ: “Որպես հոգեբան ինձ համար ակնհայտ է, որ նրանք /Էմոները — հեղ./ սատանայի պատվիրակներն են, որոնք փորձում են սերմանել չարիք և ընդդիմադիր տրամադրություններ` հուդամասոնների տրամադրած գումարների հաշվին,” նշեց փորձագետը:
Արթուր Մամյանը` 15 տարեկան Էմո, կիսվում է իր տպավորություններով կապված երիտթևերի դատապարտման հետ` “Անկեղծ ասաց, ես երբեք չէի լսել Էմոների մասին մինչև ոստիկանությունը և ամեն ինչի երիտթևերը չսկսեցին դատապարտել նրանց: Ես պարզապես շատ ազատ ժամանակ ունեմ, քանի որ դեռ չեմ աշխատում և ուզում էի մի հոբի գտնել: Իսկ եթե կա մի բան որին այդքան դեմ է պարկովշիկների երիտթևը, դա միանշանակ հետաքրքիր է և այդ պատճառով միացա Էմոներին”:
Փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը հրաժարվեց մեկնաբանել` ” Ես ավելի շատ քաղաքական գործընթացների փորձագետ եմ, քան նման հարցերի: Ամեն դեպքում չեմ գարծում, որ Էմոները որևէ ազդեցություն կարող են ունենալ Ղարաբաղյան կամ հայ-թուրքական գործընթացների վրա:”
Օրվա ակցիան ավարտվեց ուշ երեկոյան Ջազվեյում: Պարկովշիկների երիտթևը ընդունեց հռչակագիր, որով կրկնապատկվում է մեքենաների կայանման վարձը բոլոր Էմոների, վամպիրների, գոթերի կամ պահի տակ էմոյի տպավորություն թողնող տխուր մարդկանց նկատմամբ: Մյուս երիտթևականները ևս համաձայնվեցին շարունակել մանր խուլիգանությունները սև գույնից տարբերվող շորեր հագնողների նկատմամբ:
Որոշ աղբյուրների համաձայն պարկովշիկների կոալիցիային արդեն մոտակա ժամանակներում կարող են միանալ Երևանի վերնիսաժի վետերանների երիտթևը, Շաուրմայանոցների երիտասարդական միությունը և Երևանի պետական Ճարտարագիտական համալսարանի պահակի երիտթևը: